1305 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-20 14:18
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը խոսել Վարդաշենի բնակիչների բողոքի մասին

Փաշինյանը խոսել Վարդաշենի բնակիչների բողոքի մասին

Լրագրողը Նիկոլ Փաշինյանին ճեպազրույցի ժամանակ հարցրել է նոր կադրերի նշանակումների, դատական համակարգի և Վարդաշենի վթարային շենքերի բնակիչների բողոքի վերաբերյալ։

Լրագրողը հետաքրքրվել է՝ 2018 թվականից իշխանության եկած նոր կադրերից քանի՞սն են մինչ օրս շարունակում աշխատել Փաշինյանի թիմում։

Փաշինյանը նշել է, որ նման օրինակներ կան՝ որպես օրինակ բերելով Սուրեն Թովմասյանին, որը, ըստ նրա, 2018-2019 թվականներից ղեկավարում է Կադաստրի կոմիտեն։

Դատական համակարգի վերաբերյալ հարցին Փաշինյանն անդրադարձել է հետևյալ կերպ.
«Ո՞վ է ասել ընդհանրապես, որ Գագիկ Ծառուկյանը ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ։ Ես պրոբլեմ եմ տեսնում նրանում, որ ինքը ողջ ընթացքում եղել է ազատության մեջ»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ խնդիր է նաև այն, որ որոշ նախկին բարձրաստիճան գործիչներ տարիներ շարունակ ազատության մեջ են եղել, իսկ դրա պատասխանատվությունը հանրությունը դնում է իշխանության վրա։

Փաշինյանի գնահատմամբ՝ դատաիրավական համակարգը շարունակում է մնալ վերնախավերի հետաքրքրությունների արտահայտիչ։ Նա նշել է, որ այդ խնդիրը, իր կարծիքով, հնարավոր չէ ամբողջությամբ լուծել առանց սահմանադրական փոփոխությունների և նոր Սահմանադրության ընդունման։

Վերջում վարչապետին հարց է ուղղվել Վարդաշենի բնակիչների բողոքի վերաբերյալ։ Լրագրողը նշել է, որ բնակիչները դժգոհում են 7,7 միլիոն դրամ փոխհատուցումից և պնդում, որ այդ գումարով Երևանում բնակարան ձեռք բերել հնարավոր չէ։

Փաշինյանը պատասխանել է, որ պետությունը նրանց նկատմամբ պարտավորություն չունի, իսկ վթարային գույքի շուկայական արժեքը, իր խոսքով, զրո է։

«Մենք դրա դիմաց առաջարկում ենք 7 միլիոն դրամ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանում կան վայրեր, որտեղ այդ գումարով հնարավոր է գույք ձեռք բերել կամ կեցություն ապահովել։