«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի բանակցային մոտեցումները՝ նշելով, որ նրա քաղաքականության մեջ հաճախ գերակշռում է «կա՛մ, կա՛մ»-ի տրամաբանությունը։
«Իր բանակցային ոճը էսօրվա ելույթում վառ արտահայտվում է՝ կա՛մ, կա՛մ։ Եթե կա՛մ, կա՛մ է, ուրեմն այդտեղ դիվանագիտություն չկա։ Դիվանագիտությունը պետք է չլինի այնտեղ, որտեղ ընդամենը երկու տարբերակ է»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Արցախի հակամարտության փուլում Փաշինյանը ընտրել էր «կամ պատերազմի, կամ զիջման» տարբերակը՝ չդիտարկելով այլ հնարավորություններ։
Անդրադառնալով Վեհափառի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ Կարապետյանը նշել է․ «Մի քանի տեղ ինքը բացեց խաղաքարտերը։ Վերջապես էն, ինչ մենք ամիսներով ասում էինք, ինքը այսօր մի քիչ առաջ իր ասածների մեջ ցույց տվեց»։
«Ակնհայտ ցույց տվեց, որ Արցախի անունը շոշափելը, Արցախի հիշատակելը իրենց համար գործիք է՝ քաղաքական մեր հոգևոր կենտրոնի վրա ազդեցություն ունենալու համար»,- ասել է նա։
Կարապետյանը նաև հայտնել է, որ ընդդիմությունը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ՝ ներկայացնելով իր գնահատականները Փաշինյանի ելույթի և վարած քաղաքականության վերաբերյալ։