207 դիտում, 23 րոպե առաջ - 2026-11-23 21:46
Քաղաքական խաղադաշտ

Որտե՞ղ են մեզ «գցում» Փաշինյանն ու Ալիևը

Որտե՞ղ են մեզ «գցում» Փաշինյանն ու Ալիևը

Իլհամ Ալիևը դեռ 2024 թ. պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ դա դարձնելով խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման նախապայման։ Նույն պահանջը նա կրկնել է նաև 2026 թվականի փետրվարի 13-ին։ 

Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ։ Միաժամանակ բացատրել է, որ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն, քանի որ խաղաղության պայմանագրում կա դրույթ, ըստ որի՝ կողմերից ոչ մեկը չի կարող իր ներքին օրենսդրությանը հղում անելով խուսափել պայմանագրային պարտավորություններից։

Սակայն ուշագրավն այն է, որ Փաշինյանը միևնույն ժամանակ կոնֆլիկտածին է համարում ՀՀ Սահմանադրությունը՝ պնդելով, որ դրանում Անկախության հռչակագրին արված հղումը կարող է ընկալվել որպես տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ 

2026 թվականի օգոստոսին Փաշինյանն արդեն հայտարարել է, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում կատարելը կնշանակի շարունակել Ղարաբաղյան շարժումը և վերադառնալ հակամարտության տրամաբանությանը։ Այսպիսով, նա խնդրահարույց է համարում այդ հղման պահպանումը «խաղաղության» հասնելու համատեքստում, թեև նախկինում պնդել է, որ գործող ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

Ստացվում է՝ Փաշինյանն ինքն իրեն հակասում է։ Մի կողմից՝ ասում է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը չի խանգարում խաղաղության պայմանագրի կնքմանը։ Մյուս կողմից՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղումը համարում է կոնֆլիկտածին՝ այն կապելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հետ։

Հարց է առաջանում՝ եթե Ադրբեջանի դեպքում Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չկա, ապա ինչո՞ւ է Հայաստանի դեպքում դա խնդիր համարվում։

Եվ այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ այս հակասությունը բացահայտելու համար նույնիսկ ընդդիմադիր գործիչների հայտարարություններին հղում անելու անհրաժեշտություն չկա։ Բավական է համադրել հենց Փաշինյանի ու Ալիևի խոսքերը։

Հենց այս հակասությունն էլ հիմք է տալիս պնդելու, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի պահանջով է։

Լիա Սարգսյան