«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը անդրադարձել է արցախահայության վերադարձի հարցին։
«Այս իշխանություններից նման բան երբեք չի կարելի ակնկալել, որովհետև այս իշխանությունը Ադրբեջանի և Թուրքիայի շահերը սպասարկող իշխանություն է, և նրանք պարզ ասել են, որ ոչինչ չեն անելու արցախահայության վերադարձի իրավունքը իրացնելու ուղղությամբ»,- ասել է Ղազարյանը։
Նրա խոսքով՝ այդ հարցում պետք է ակնկալել հաջորդ իշխանությանը։ «Երբ իշխանության փոփոխություն լինի, Հայաստանում կլինի հայ ժողովրդի, այդ թվում՝ արցախահայության շահերով մտահոգ իշխանություն, այո՛, այդ ժամանակ հնարավոր է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել»,- նշել է պատգամավորը։
Ղազարյանը խոսել է նաև 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների և մարդկային կորուստների մասին՝ ընդգծելով, որ արցախահայության տեղահանությունը տեղի է ունեցել նրանց ազգային պատկանելության պատճառով։
«Մենք դժոխքի մեջ ենք ապրել, ուղղակի սենց։ Էնքան է մեր համար էդ ամեն ինչ սովորական դարձել»,- ասել է նա՝ անդրադառնալով նաև վառելիքի պահեստի պայթյունին և ճանապարհին արձանագրված մարդկային կորուստներին։
Պատգամավորը քննադատել է նաև իշխանության վերաբերմունքը Արցախի հարցին՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի վերաբերյալ վերջին հայտարարություններին։ «Ասում է՝ ես մրցանակ եմ ստանում, ինքը չի ստանում, էլ է՞դ բանը չէ՞։ Հարազատի զգացողությունն է՝ երբ մարդը մի լավ բան է ունենում, ասում է՝ ախպերս էլ ունենա»,- նշել է Ղազարյանը։