Նիկոլ Փաշինյանն իր վարած արտաքին քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը`արձագանքելով Բաքվից հնչող հայտարարություններին, թե «հայկական կողմը Դադիվանքից մշակութային արժեքներ է գողացել»։
«Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել իրականությունը և միջազգային հանրությանը հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնում է աղվանական, ալբանական կամ այլ երկրի։ Դա մեկ պատճառ ունի, որպեսզի խուսափի էթնիկ զտման պատասխանատվությունից։ Դրա համար փորձում է վերացնել հայկական հետքը և ցույց տալ, թե Արցախը երբեք հայկական չի եղել։ Այդ հարցում Հայաստանի իշխանությունները շարունակում են օգնել, իրենց վարած քաղաքականությամբ լվանալ Ալիևի արյունոտ ձեռքերը և լեգիտիմացնել մեր նկատմամբ տեղի ունեցած բռնի տեղահանումը»,-ասաց Սաղաթելյանը: