Իրավաբան-իրավագետ, հասարակական գործիչ Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Գրիգորյանի հիշատակին և քրեական գործի բացահայտման անհրաժեշտությանը։
Մնացականյանի խոսքով՝ Վալոդյա Գրիգորյանը համայնքին նվիրված և առանձնահատուկ անհատականություն էր։
«Վալոդյան եզակի համայնքի ղեկավարներից էր։ Շատ վառ անհատականություն էր, սպորտսմեն էր, իր համայնքին նվիրված էր։ Երբ ծանոթացանք և սկսեցինք շփվել, ես տարբեր առիթներով բարձրաձայնել եմ իր նվիրվածությունը Փարաքարին, ամբողջ համայնքին և բոլոր գյուղերին»,- ասել է նա։
Մնացականյանի խոսքով՝ Գրիգորյանը համայնքի խնդիրներով, դժվարություններով ու հաջողություններով ապրող ղեկավար էր։
«Վալոդյան այն հույսն ու կարևոր մարդն էր, որը կարողացել էր իր համայնքի ղեկավար լինել՝ բոլոր իր խնդիրներով, ցավերով և հաջողություններով։ Իրականում շատ մեծ կորուստ է հայ ժողովրդի համար»,- նշել է նա։
Անդրադառնալով սպանության բացահայտմանը՝ Մնացականյանը նշել է, որ բազմաթիվ հարցեր դեռևս պատասխանների կարիք ունեն։
«Վալոդյան ոչ միայն համայնքի ղեկավար էր, այլև քաղաքական թիմի ներկայացուցիչ, կուսակցության անդամ։ Եվ հասկանում եք՝ ժողովրդավարության բաստիոնում սպանում են Հայաստանի ամենասիրված և ամենաարդյունավետ համայնքապետերից մեկին, իսկ փորձում են ինչ-որ կասկածելի ձևով ներկայացնել որպես կենցաղային կռիվ։ Ես դրան չեմ հավատում»,- ասել է նա։
Միաժամանակ Մնացականյանը, որպես իրավաբան, ընդգծել է, որ չի ցանկանում առանց բավարար ապացույցների հստակ պնդումներ անել սպանության քաղաքական շարժառիթների վերաբերյալ։
«Ես, որպես մասնագետ, որպես իրավաբան, դժվարանում եմ նման հայտարարություններ անել։ Բայց ես, որպես Վալոդիայի ընկեր և ինչ-որ առումով նաև թիմակից, ասում եմ՝ շատ անհասկանալի և շատ բաց հարցեր կան»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ իշխանությունները և իրավապահ մարմինները պետք է հանրությանը հստակ ներկայացնեն՝ ինչ է կատարվում քրեական գործի հետ և ինչ փուլում է այն։
Հիշեցնենք՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը սպանվել է հրազենային կրակոցներից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ, իսկ սպանության հանգամանքների և հնարավոր շարժառիթների վերաբերյալ իրավապահ մարմինների քննությունը շարունակվում է։
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, լրանում է Վալոդյա Գրիգորյանի սպանության մեկ տարին։