ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանը «Շաքի» գյուղում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելու դեպքը որակեց որպես քրեական հանցագործություն՝ նշելով, որ տեղի է ունեցել ապօրինի սահմանահատում։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը փորձում է միջադեպը ներկայացնել որպես դիվերսիա, մինչդեռ ադրբեջանական կողմը նախապես տեղեկացրել էր Հայաստանի համապատասխան մարմիններին, որ իրենց մոտից զինծառայող է փախել և կարող է հայտնվել Հայաստանի տարածքում։
Չախոյանը պնդեց, որ եթե խոսքը դիվերսիայի մասին լիներ, Ադրբեջանը նախապես չէր զգուշացնի հայկական կողմին։ Նա նաև ընդգծեց, որ խոսքը մեկ զինծառայողի մասին է, որը ձերբակալվել և կալանավորվել է, իսկ նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։
Անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշուկին՝ Չախոյանը հերքեց ընդդիմության պնդումները, թե իշխանությունն է սադրանք հրահրել։ Նրա խոսքով՝ միջադեպը սկսվել է դահլիճից հնչած բացականչություններից և վիրավորական արտահայտություններից հետո։
Չախոյանը նաև բացառեց այս պահին ադրբեջանցի զինծառայողին Ադրբեջանին հանձնելու հարցը՝ նշելով, որ վերջինս հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում և պետք է պատասխանատվություն կրի Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
«Ինչի՞ համար պետք է հանձնենք Ադրբեջանին»,– նշել է Չախոյանը՝ հավելելով, որ զինծառայողի հետագա ճակատագիրը որոշելու են իրավապահներն ու դատարանը։