912 դիտում, 8 ժամ առաջ - 2026-10-16 15:32
Օրենքի դաշտում

Արամ Օրբելյանը խոսել է Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքի մասին

«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում Արամ Օրբելյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով Վճռաբեկ դատարան դիմելու, գործի իրավական հիմքերի և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի որոշումից հետո պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան՝ ակնկալելով, որ այն վարույթ կընդունի բողոքը և կբեկանի կայացված որոշումը։

«Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել մեր բարձրացրած մի շարք փաստարկների։ Որոշ հարցերի ընդհանրապես անդրադարձ չի կատարվել, իսկ մյուսների դեպքում սահմանափակվել են ձևական՝ իրավական նորմերի վերարտադրմամբ»,– ասել է Արամ Օրբելյանը։

Փաստաբանի խոսքով՝ կալանքի կիրառման հիմնավորումների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տարիներ շարունակ արձանագրել է համակարգային խնդիրներ։

«Եվրոպական դատարանը պարբերաբար արձանագրում է, որ կալանքի որոշումներում ձևակերպումները լինում են ընդհանրական։ Խոսքը վերաբերում է նրան, թե ինչով է անհրաժեշտ կալանքի կիրառումը հիմնավորել, ինչ հանգամանքներ են հիմք տալիս նման եզրահանգման գալու և ինչու այլ խափանման միջոցը չի կարող ծառայել նպատակին»,– նշել է նա։

Օրբելյանի խոսքով՝ գործի շրջանակում առկա մյուս խնդիրները վերաբերում են անձեռնմխելիությանը և վաղեմության ժամկետներին։ Նա պնդել է, որ իրարից տարիներով տարանջատված իրադարձությունները փորձ է արվել ներկայացնել որպես մեկ շարունակական գործընթաց՝ առանց Ռոբերտ Քոչարյանի կամ նրա ընտանիքի անդամների հետ դրանց առնչությունը հիմնավորող բավարար փաստարկների։

«Հարց է առաջանում՝ որքան ժամանակ պետք է անցնի, որպեսզի մարդը կարողանա հանգիստ ներդրում անել՝ չվախենալով, որ տարիներ առաջ տեղի ունեցած որևէ իրադարձություն հետագայում կարող է կապվել իր կամ իր ընտանիքի անդամների հետ»,– ասել է փաստաբանը։

Անդրադառնալով նախագահի սահմանադրական լիազորություններին՝ Օրբելյանն ընդգծել է, որ կառավարության որոշումների վավերացումը չի կարող ինքնին մեղադրանքի հիմք հանդիսանալ։

Փաստաբանը հայտնել է, որ պաշտպանական կողմը Վճռաբեկ դատարան ներկայացվելիք բողոքում կներկայացնի իր փաստարկները։

«Մենք ակնկալում ենք, որ Վճռաբեկ դատարանը սեղմ ժամկետում վարույթ կընդունի բողոքը և կբեկանի որոշումը»,– նշել է նա՝ հավելելով, որ հակառակ դեպքում պաշտպանական կողմը չի բացառում միջազգային ատյաններ, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին՝ Օրբելյանն ասել է, որ այս պահին իրականացվում են հետվիրահատական հետազոտություններ և անալիզներ՝ պարզելու համար՝ արդյոք լրացուցիչ բժշկական միջամտությունների անհրաժեշտություն կա։

«Հույս ունենք, որ որևէ խնդիր չի լինի, և հետվիրահատական ապաքինման փուլը բարեհաջող ավարտված կլինի։ Եթե խնդիրներ լինեն, արդեն դրանց կանդրադառնանք»,– նշել է փաստաբանը։

Լուիզա Հարությունյան