780 դիտում, 11 ժամ առաջ - 2026-09-18 12:45
Օրենքի դաշտում

Արամ Օրբելյանը մանրամասներ է հայտնել Քոչարյանի առողջական վիճակի մասին

Արամ Օրբելյանը մանրամասներ է հայտնել Քոչարյանի առողջական վիճակի մասին

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատություն էր ունեցել, որը ենթադրում է մեկ ամիս բավականին բարձր ռիսկի գոտի, սակայն դա չի նշանակում, որ մարդու տեսքը պետք է վատ լինի կամ թույլ լինի»,– լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով՝ պաշտպանական թիմը չի փորձում Քոչարյանի առողջական վիճակը որևէ կերպ չափազանցված ներկայացնել կամ թաքցնել առկա խնդիրները։

«Ամեն դեպքում՝ ունենանք այն, ինչ ունենք։ Ո՛չ փորձում ենք ցույց տալ, որ վատ ենք, ո՛չ էլ՝ որ առողջական որևէ խնդիր չկա։ Նախագահի առողջական խնդիրների մասին բոլորը տեղյակ են։ Մեր խնդիրն այն է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու պահին, վիրահատությունից հետո, որոշակի ռիսկի գործոններ կային, որոնք այս պահին կառավարելի են, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ խնդիրներն ու ռիսկերն ամբողջությամբ հաղթահարված են»։

Փաստաբանը նաև ասաց, որ Քոչարյանի հետ կապված կան մի շարք լրջագույն խնդիրներ, որոնց ուղղությամբ պաշտպանական թիմն աշխատում է։

«Ամեն ինչ չէ, որ բարձրաձայնում ենք, քանի որ տեսնում ենք դեպքեր, որոնք ավելի պրոբլեմատիկ են։ Պահման պայմանների հետ կապված կան որոշակի խնդիրներ, որոնցով աշխատում ենք։ Շատ տեխնիկական հարցեր են, որոնք առաջացնում են զգալի խնդիրներ։

Ամենամեծ խնդիրը, որն ունենք, նախագահի քաղաքական գործունեությամբ զբաղվելուն խոչընդոտելու փորձն է։ Դա ոչ միայն կալանավորման լույսի ներքո եմ տեսնում, այլ նաև հանդիպումները սահմանափակելու։ Կարծում եմ՝ պատգամավորների հետ հանդիպումները չսահմանափակելը պարտադիր պահանջ է, քանի որ նախագահը, չլինելով պատգամավոր, ղեկավարում է ԱԺ դաշինքներից մեկը»,– ընդգծեց Օրբելյանը։

Նա հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը խնդրահարույց է։

«Բողոքարկել ենք։ Կարծում ենք՝ այս կալանքը չէր կարող լինել, քանի որ այն, ինչում նախագահին մեղադրում են, ուղղակի հանցագործության հետ կապ չունի»,– ասաց Օրբելյանը։