Հետխորհրդային տարածքներն առհասարակ միշտ էլ համարվել են Ռուսաստանի ազդեցության գոտիներ։ «Իշխանության» հետ զրույցում նման դիտարկում է արել քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ անդրադառնալով օրերս ռուս հաղորդավար, լրագրող Վլադիմիր Սոլովյովի հայտարարությանը, թե Ռուսաստանը միայն Ուկրաինայում չէ, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլ նաև՝ Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում՝ անտեսելով միջազգային իրավունքը։
Աբովյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների կոշտ արձագանքը, մասնավորապես՝ Ռուսաստանի դեսպանին ԱԳՆ կանչելը, առաջին հայացքից կարող է ընկալվել որպես սուվերենության դրսևորում։ Սակայն, նրա գնահատմամբ, այստեղ առաջանում է լուրջ հարց։
«Հարցը մնում է բաց․ ինչո՞ւ նույն վճռականությունն ու բարձր տոնայնությունը չենք տեսնում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը բաց տեքստով սպառնում են պատերազմով, խոսում «Արևմտյան Ադրբեջանի» մասին, կասկածի տակ դնում Հայաստանի գոյությունն ու քարտեզը»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ իր ելույթում Վլադիմիր Սոլովյովը նաև հայտարարել էր, թե Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից։
Աբովյանի դիտարկմամբ՝ ռուս հաղորդավարը, այդուհանդերձ, ուղիղ կերպով չի մատնանշել Հայաստանին՝ որպես Ռուսաստանի ազդեցության գոտի։
«Նույնիսկ եթե կա ակնարկ ՀՀ մասով, դա խստորեն դատապարտելի է։ Այո՛, ոչ ոք իրավունք չունի Հայաստանի հետ խոսել սպառնալիքների լեզվով։ Բայց եկեք մի վայրկյան մտածենք, թե մենք ինչ ենք անում։ Կամովին համաձայնվել ենք դառնալ խամաճիկ Արևմուտքի և թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքերում՝ հակառուսական գործողությունների մեջ»,- նշել է վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները, փոխարենը համարժեք արձագանքեն Թուրքիային ու Ադրբեջանին, երբ վերջիններս ոչ թե ակնարկում, այլ բացահայտ սպառնում են պատերազմով, խուճապի են մատնվում մի ռուս լրագրողի հայտարարությունից, որը որևէ պաշտոն չի զբաղեցնում Ռուսաստանի պետական համակարգում։
«Իշխանությունը մոռացել է՝ այնքան ադրբեջանական բենզին է շնչել, որ չի հիշում, որ անկախության ու սուվերենության ներքո ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտված և օկուպացված է։ Ադրբեջանը առավոտից երեկո սպառնում է պատերազմով․ բա ձե՛ն հանեք, ծպտո՛ւն հանեք։ Ինչի՞ չեն խոսում։ Թե անվտանգ է հեռավոր Սոլովյովին, իբր իրենց սերը ցուցադրել սուվերենության կամ անկախության հանդեպ»։
Աբովյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունը հետևողականորեն քայքայում է երկրի անվտանգային ճարտարապետությունը՝ վտանգավոր միտումներ ձևավորելով հանրային ընկալումների մեջ։
«Այնքան են մարդկանց մեջ հակառուսականությունը մտցրել, որ հիմա մարդիկ ուղղակի ադեկվատ չեն գնահատում իրավիճակը։ «Թրիպ» նախագծի շրջանակներում խաբեցին ու միջանցք տվեցին։ Իրանը պատերազմի շեմին է, այնտեղ իրավիճակը բավականին լարված է։ Թուրքիան ու Ադրբեջանը՝ Ադրբեջանում առավոտից երեկո «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտն են առաջ մղում․ հայկական քաղաքները, ընդհուպ մինչև մայրաքաղաքը, համարվում են ադրբեջանական, ու այսքանից հետո ռուսներին են դնում կասկածի տակ։ Ամեն ինչ անում են՝ մաքսիմալ թուլացնելու ՀՀ անվտանգային ճարտարապետությունը։ Իսկ դա ձեռնտու է միայն Թուրքիային ու Ադրբեջանին»,- ընդգծել է Աբովյանը։
Վերլուծաբանի համոզմամբ՝ նման քաղաքական գիծը ոչ թե ուժեղացնում, այլ վտանգավոր կերպով մերկացնում է Հայաստանը՝ արտաքին սպառնալիքների առաջ։