348 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-06 17:24
Հայաստանով մեկ

Ավինյանը շվեդ գործընկերների հետ քննարկել է՝ ինչպես տեղական ինքնակառավարման բարեփոխումներ անել

Ավինյանը շվեդ գործընկերների հետ քննարկել է՝ ինչպես տեղական ինքնակառավարման բարեփոխումներ անել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և ռեգիոնների միության գործադիր տնօրեն Ռայան Նոքսի հրավերով «Fiscal Decentralisation and Local Self-Government Reforms» աշխատաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ»-ի (Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և տարածաշրջանների ասոցիացիա) առաջին փոխնախագահ Լիֆ Սանդբերգի, գործադիր տնօրեն Ռայան Նոքսի և ծրագրերի ղեկավար Լենա Ֆալկոնի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ապակենտրոնացմանը և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին, ֆինանսական կառավարմանը, տեղական իշխանությունների դերերին ու հաշվետվողականությանը վերաբերող հարցեր։ Տիգրան Ավինյանը ծանոթացել է նաև կրթության և ֆինանսական ապակենտրոնացման վերաբերյալ շվեդական փորձին, մասնակցել շվեդական համահարթեցման համակարգին վերաբերող քննարկմանը։

Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է նաև Ստոկհոլմի գործընկերոջ՝ քաղաքային խորհրդի նախագահ Օլե Բուրրելի հետ: Երկու մայրաքաղաքների ղեկավարներն անդրադարձել ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերին, խոսել քաղաքային տարբեր ծրագրերից ու խնդիրներից, նախանշել գործակցության հնարավոր ուղղությունները:

Երևանի քաղաքապետը հանդիպել է նաև Շվեդիայի թագավորության արտաքին գործերի պետական քարտուղար Կարին Յուհլինիի հետ։