399 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-27 13:21
Քաղաքական խաղադաշտ

ԿԿՀ-ն արձագանքել է «Իշխանություն» լրատվականի՝ դատավորներին վերաբերող զեկույցները «կոծկելու» հոդվածին

ԿԿՀ-ն արձագանքել է «Իշխանություն» լրատվականի՝ դատավորներին վերաբերող զեկույցները «կոծկելու» հոդվածին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից արձագանքել է Ishkhanutyun.am-ի հրապարակմանը, որտեղ ներկայացվել էին դատավորների հայտարարագրերում արձանագրված հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ կազմված ծառայողական զեկույցների ընթացքի հետ կապված հարցադրումներ։
Հանձնաժողովը, մասնավորապես, հայտնել է, որ հրապարակման հիմքում ընկած փաստաթղթերի երրորդ անձանց տրամադրման առնչությամբ նախաձեռնվել է ծառայողական քննություն՝ պարզելու տեղեկատվական արտահոսքի հանգամանքները։ Միաժամանակ ընդգծվել է, որ որևէ տվյալ «կոծկելու» մասին խոսք լինել չի կարող, և կառույցը գործում է օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում։


Պաշտոնական պատասխանում նշվում է, որ հայտարարագրերի վերլուծությունն իրականացվում է երկու տարբեր գործառույթների շրջանակում՝ հայտարարագրերի վերլուծության և բարեվարքության ուսումնասիրության ընթացակարգերով։ Ըստ հանձնաժողովի՝ եթե նույն պաշտոնատար անձի վերաբերյալ իրականացվում է բարեվարքության ուսումնասիրություն, ապա առանձին հավելյալ վերլուծություն չի կատարվում, այլ արդեն արձանագրված տվյալներն օգտագործվում են համապատասխան գործընթացում։

Ավելին, նշվում է, որ հրապարակման մեջ հիշատակված բոլոր անձինք անցել են բարեվարքության ուսումնասիրություն, և նրանց հայտարարագրերը ստուգվել են։
Սակայն հանձնաժողովի արձագանքը չի անդրադառնում մի շարք առանցքային հարցերի, որոնք բարձրացվել էին հրապարակման մեջ։ Մասնավորապես՝ չի հստակեցվում, արդյո՞ք հանձնաժողովի նախագահի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական ծառայողական զեկույցների հիման վրա հետագա ստուգումներ սկսելու համար, ինչպես նաև չի պարզաբանվում, թե ինչ հիմքով են զեկույցները ստացել «ընդունված է» կարգավիճակ և նույն օրը արխիվացվել։


Հրապարակված փաստաթղթից բխող գլխավոր հարցադրումը վերաբերում էր նրան, թե արդյո՞ք հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին կազմված ծառայողական նյութերը ստացել են լիարժեք ընթացք, թե մնացել են համակարգի ներսում՝ առանց հետագա իրավական քայլերի։ Հանձնաժողովի պարզաբանումը ներկայացնում է գործընթացային ընդհանուր բացատրություն, սակայն չի ներկայացնում կոնկրետ տվյալներ տվյալ զեկույցների ընթացքի, դրանց հիման վրա կայացված որոշումների կամ իրականացված գործողությունների վերաբերյալ։


Այսպիսով, թեև պաշտոնական արձագանքը հնչեց, հրապարակման մեջ բարձրացված մի շարք փաստական հարցադրումներ շարունակում են մնալ առանց սպառիչ պատասխանի։

Լիա Սարգսյան