«Իշխանություն» լրատվականի հրապարակման հաջորդ օրվանից ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ փակվում է Զվարթնոց թաղամասի՝ «Զովք» սուպերմարկետի հարակից հատվածում գտնվող վտանգավոր շրջադարձը։
Օրեր առաջ անդրադարձել էինք ճանապարհի այս հատվածում պարբերաբար տեղի ունեցող ծանր ավտովթարներին։ Բնակիչները մեզ ահազանգել էին, որ խնդրահարույց շրջադարձը տարիներ շարունակ վտանգ է ներկայացնում երթևեկության մասնակիցների համար, իսկ գրեթե ամեն ամիս այստեղ խոշոր վթարներ են տեղի ունենում։
Վերջին ծանր ավտովթարից հետո ևս քաղաքացիները պահանջում էին հրատապ վերանայել երթևեկության կազմակերպումը և բացառել վտանգավոր շրջադարձից օգտվելու հնարավորությունը։
Այսօր արդեն հատվածում աշխատանքներ են իրականացվում։ «Իշխանություն» լրատվականին փոխանցեցին, որ խնդրին արձագանքել է ՆԳ նախարարը, որի հանձնարարությամբ էլ ձեռնարկվել են շրջադարձը փակելու աշխատանքները։
Հ.Գ. Ինչ խոսք, հաճելի է, երբ բարձրաձայնածդ խնդրի հետքերով գնում են։ Կարևորն այն է, որ այս փոփոխությունը նպաստի ճանապարհային անվտանգության բարձրացմանը և կանխի նոր դժբախտ դեպքերը։
Լիա Սարգսյան