1707 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-12 15:32
Ի՞նչ է ուզում ժողովուրդը

Գնացել եմ Հնդկաստան, որ որդուս գտնեմ․ անհայտ կորածի հայրը նստացույց է անում Կառավարության դիմաց

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի հայր Ազատ Գևորգյանը հերթական անգամ բարձրաձայնում է որդու որոնողական աշխատանքների և պետական մարմինների անգործության մասին։ Վարչապետի հետ հանդիպման ժամանակ Գևորգյանը ներկայացրել է իր պահանջը՝ պարզել որդու գտնվելու վայրը՝ շեշտելով, որ չի ընդունում զոհվածի կարգավիճակը։

Անդրադառնալով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Սրբուհի Գալյանի հայտարարություններին, թե ծնողները չեն ցանկանում վերցնել նույնականացված մասունքները, Ազատ Գևորգյանը նշեց, որ այդ տվյալները վստահություն չեն ներշնչում։

«Մենք մեր երեխաների հանդեպ այդքան դաժան չենք, որ մասունքները մորգերում թողնենք։ Պարզապես այդ ԴՆԹ-ները սուտ են, իրենք չեն կարողացել 100%-ով ճշտել։ Դա իրենց վերջին սուտն է, որպեսզի մենք այլևս չպայքարենք»,- ասաց անհետ կորածի հայրը։

«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում, զինվորի հայրը պատմեց, որ իրականացրել է անձնական հետաքննություն, որը հերքում է պաշտոնական վարկածը, թե որդին զոհվել է սեպտեմբերի 27-ին։ Ըստ նրա՝ որդուն հոկտեմբերի 3-ին Ֆիզուլիում տեսել է նոյեմբերյանցի մի զինվոր։

«Ինձ ասում են՝ ապագա կա։ Իմ ապագան իմ այդ մի տղան է։ Ես վարչապետին էլ ասացի՝ դու գիտես իմ երեխան ուր է, եթե չգիտես, ուրեմն գնա այն մարդու մոտ, ում անունը տվել եմ, և ազատիր որդուս։ Ես դատարանով նրան զոհված չեմ ճանաչելու, ես իմ զինվորին եմ պահանջում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում