2127 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-08 19:21
Քաղաքական խաղադաշտ

Ինչու ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները

Ինչու ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները

Որովհետև մտահոգություն կա, որ առաջիկա տարիներին իրականացվելու են Ադրբեջանի գրեթե բոլոր հիմնական պահանջները։ 

Խոսքը վերաբերում է ադրբեջանցիների վերաբնակեցմանը, Տիգրանաշենի հանձնմանը, Մեղրիով միջանցքի տրամադրմանը, գուցե ավելի հեռուն գնացող և այլ տարածքային զիջումներին: Չեմ բացառում նաև այնպիսի զարգացումներ, որոնք այսօր շատերի համար անհավանական են թվում, բայց արդեն տեսանելի են քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ։

Եթե ընդդիմությունը կարծում է, որ մանդատները վերցնելով կարող է կանգնեցնել այս ընթացքը, ապա թող վերցնի։ Սակայն վերջին հինգ տարիները ցույց տվեցին, որ Հայաստանի ճակատագրական որոշումները կայացվում են ոչ թե խորհրդարանում, այլ մեկ մարդու ստորագրությամբ։ Այդ պայմաններում խորհրդարանական ընդդիմության ազդեցությունը եղել է գրեթե զրոյական։

Եթե ընդդիմությունը վերցնի մանդատները, ապա այլևս չի կարող իրեն ներկայացնել որպես այս գործընթացների արտաքին դիտորդ կամ անզոր քննադատ։ 

Հետևաբար, եթե ընդդիմությունը վերցնի մանդատները, բայց չկարողանա կանխել այն գործընթացները, որոնց դեմ հանդես է գալիս, ապա անխուսափելիորեն կկրի նաև քաղաքական պատասխանատվության իր բաժինը։ Այդ դեպքում ընդդիմությունը ոչ միայն կհիասթափեցնի իրեն վստահած քաղաքացիներին, այլև կկոտրի պայքարի մոտիվացիան։

Լիա Սարգսյան