5853 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-20 11:28
Քաղաքական խաղադաշտ

Պետք է ազնիվ լինեիր ու նախապես ասեիր հարկերի բարձրացման մասին․ Քոչարյանը՝ Փաշինյանին

Պետք է ազնիվ լինեիր ու նախապես ասեիր հարկերի բարձրացման մասին․ Քոչարյանը՝ Փաշինյանին

Քարոզարշավի ժամանակ դուք որևէ բան լսե՞լ եք, որ ընտրություններից անմիջապես հետո բենզինի, ծխախոտի, ալկոհոլի և դիզվառելիքի ակցիզային հարկը պետք է բարձրանա։ Ես չեմ լսել նման բան։ Իրենց նախընտրական ծրագրում նման կետ չի եղել, ես փորձել եմ գտնել և չեմ տեսել։

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ այս մասին հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով նախընտրական շրջանում գործող իշխանության տված խոստումներին և ընտրություններից անմիջապես հետո սպասվող թանկացումներին։

Անդրադառնալով կառավարության այն պատճառաբանություններին, թե հարկերի բարձրացումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության պահանջներով, երկրորդ նախագահը որակեց դա որպես կեղծիք։

«Ընտրություններից ընդամենը մի քանի օր հետո որոշում են ընդունում ու հիմնավորում՝ ասելով, թե իբր հարկերի բարձրացումը ԵԱՏՄ-ի հետ է կապված, ինչը բացարձակապես սուտ է։ Բայց նույնիսկ եթե այդպես է, և այդ ամենը ԵԱՏՄ-ի շրջանակում է, ինչո՞ւ քո բյուջեում դա նախապես չես նախատեսել։ Պետք է ազնիվ լինեիր քաղաքացիների հետ շփումների ժամանակ և բաց հայտարարեիր, որ բարձրացնելու ես ակցիզային հարկը»,- ասաց նա։

Ըստ «Հայաստան» դաշինքի առաջնորդի՝ հապշտապ հարկային փոփոխությունների իրական դրդապատճառը նախընտրական շրջանում բաժանված պոպուլիստական խոստումների արդյունքում առաջացած ֆինանսական անդունդն է։

«Հիմա են անում, որովհետև նախընտրական շրջանում այսպես կոչված «բյուջետային կաշառքներ»՝ ու խոստումներ են տվել, ու հիմա գումարը պարզապես չի հերիքում։

Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ արդեն աշնանը լուրջ խնդիրներ են ունենալու՝ այդ խոստումները կատարելու առումով։ Հենց այդ պատճառով էլ հիմա, ընտրություններից անմիջապես հետո, ակցիզային հարկը բարձրացնելով՝ փորձում են փակել բյուջեում առաջացած այդ մեծ ճեղքը»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։