7275 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-07 17:56
Հայաստանով մեկ

«Առյուծները դուրս գան սթրեսից, հետո կլուսաբանեք». քաղաքապետարանը չի թողնում նկարել Ծառուկյանի կենդանիներին

«Առյուծները դուրս գան սթրեսից, հետո կլուսաբանեք». քաղաքապետարանը չի թողնում նկարել Ծառուկյանի կենդանիներին

Երևանի քաղաքապետարանը թույլ չի տալիս նկարահանել Գագիկ Ծառուկյանի առյուծներին։ «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում բնապահպանության վարչության պետի ժ/պ Սիրարփի Հայկազյանն ասաց, որ կենդանիները գտնվում են կարանտինում՝ կենդանաբույժների հսկողության ներքո։

«Առաջիկայում, երբ կենդանիները դուրս գան սթրեսից, և վիճակը լավանա, լրատվամիջոցներն արդեն կկարողանան լուսաբանել»,- ասաց նա։

Հարցին, թե ինչու են կենդանիներին տեղափոխել Կենդանաբանական այգի, և միջավայրի փոփոխությունն ինչ հետևանք կունենա, նա պատասխանեց.

«Քննչական կոմիտեն, որպես իրեղեն ապացույց, առգրավել է նաև կենդանիներին, և Կենդանաբանական այգին այն կառույցն է, որն ունի այն ներուժը, որ կարող է կենդանիներին իր մոտ պահել։ Մենք առաջարկել ենք մեր օգնությունը, որպեսզի կենդանիները նույնպես ապահով և անվտանգ լինեն»։

Հարցին, թե առյուծին պոչից քաշելով են տեղափոխել, և արդյոք դա վարվեցողության ճիշտ ձևն է, քաղաքապետարանի աշխատակիցն ասաց.

«Դուք մոտիկից առյուծ տեսե՞լ եք, չափերը պատկերացնո՞ւմ եք։ Վստահ եմ՝ աշխատակիցներն այնպես են աշխատել, որ ֆիզիկական ցավ չպատճառեն»։

Հ.Գ. Հարցազրույցն արվել է մինչև «Փաստինֆոյի» հրապարակումը։ Հիշեցնենք, որ լրատվականը գրել էր՝ Ծառուկյանի քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։

Արփի Ներսիսյան