2001 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-30 14:06
Քաղաքական խաղադաշտ

Պուտինի մուռը Լուկաշենկոյից եք հանու՞մ. լրագրողը Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանեց Արցախի, հայ-ռուսական հարաբերությունների, ՌԴ նախագահի, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ հարցերին։

-Պարոն Փաշինյան, Դուք կրկին ասացիք, որ «ռուս խաղաղապահներն են Արցախը հանձնել»։ Խնդրում եմ հստակեցնել՝ ե՞րբ են հանձնել՝ այն ժամանակ, երբ Դուք Պրահայում ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի մաս, դրանից հետո՞, թե՞ դրանից առաջ։ Մարիա Զախարովն էլ վերջերս ասել էր, որ «ռուս խաղաղապահներին մի՛ մեղադրեք, Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը»։ Եթե, ըստ Ձեզ, ռուս խաղաղապահներն են հանձնել, ապա ինչո՞ւ դրանից հետո ձեր կառավարությունը նույնիսկ թույլ չի տալիս, որ պետական պաշտոնյաները Արցախի վերաբերյալ քննարկումներ կազմակերպեն կամ գրքեր նվիրեն։ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին հարցերին պատասխանելիս հաճախ հիշատակում եք Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Եվ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ որևէ որոշում կայացրե՞լ եք, ճի՞շտ է տեղեկությունը, որ նա ցանկացել է դառնալ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան։

«Ոչ, տեղեկությունը ճիշտ չէ։ Ես մուռ չունեմ, որ հանեմ»,-ասաց նա, հավելելով, որ ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, գիտեք, այդ թեմաներով այնքան ենք խոսել, արդեն երկու ընտրություններում այդ բոլոր թեմաները պարզաբանվել են, և Հայաստանի ժողովուրդն էլ արձագանքել է դրանց։ Այնպես որ, անընդհատ նույն հարցը ծամծմելը, չեմ կարծում, թե որևէ իմաստ ունի։

«Համենայնդեպս, եթե ձեր նշած հարցերի իմ բովանդակային պատասխանը հետաքրքիր է, ապա իմ պարզաբանումները կարող եք տեսնել համացանցում․ կան հարյուրավոր էջերի նյութեր և մի քանի ժամանոց տեսանյութեր»,-հավելեց վարչապետը: