Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներ, որոնք դժգոհում են վարորդական իրավունքների վերականգնման վերաբերյալ ընդունված կարգավորումներից։
Բողոքող քաղաքացիների խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ վարորդական իրավունքից զրկված անձինք քննություն հանձնելով կարող են վերականգնել իրենց վարորդական իրավունքը, սակայն ընդունված օրենքում սահմանվել են սահմանափակումներ, որոնց հետևանքով մի շարք քաղաքացիներ դուրս են մնացել այդ հնարավորությունից։
Նրանց պնդմամբ՝ գործող կարգավորմամբ վարորդական իրավունքը չեն կարող վերականգնել Արցախում և Ռուսաստանում վարորդական իրավունքից զրկված անձինք, ինչպես նաև մինչև 2020 թվականը զրկված քաղաքացիները, մինչդեռ 2020-2026 թվականներին զրկված անձինք կարող են օգտվել այդ հնարավորությունից։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ մարդկանց բաժանելն անընդունելի է։
«Որ ասում են՝ դուք արցախցիներին չեք տալիս, խի՞, խի՞ իմ ազգին բաժանում։ Էստեղ հավաքվածները բոլորը Արցախում զրկված են։ Մենակ արցախցիներին չեն մասնատել, մենակ 20 թվին զրկվածներին են տալիս, մինչև 26 թվին տալիս են, իսկ 17, 18, 19 թվերին չեն տալիս։ Ինչի՞ համար։ Էդ թվերին Հայաստան չէ՞ր, էդ թվերին հայ չէի՞նք, ստեղ չէի՞նք ապրում։ Խի՞ մնացածին չեք տալիս։ Ուղղակի զարմանում եմ՝ էս երկիրը ո՞նց է մտածում»։
Նրա խոսքով՝ իշխանությունները հիմա քաղաքացիներին առաջարկում են քննություն հանձնել, սակայն նույն պայմանները բոլորի նկատմամբ չեն կիրառվում։
«Հիմա առաջարկում են՝ գնացեք քննություն տվեք։ Բայց խի՞ 20 թվերին առանց քննության են տալիս, իսկ 17 թվերին ասում են՝ քննություն տվեք, կամ արցախցիներին քննություն տվեք։ Էլի ոնց որ դպրոցի պատմություն լինի․ եթե դու տնօրենի բարեկամն ես, տալիս են, եթե չէ՝ չեն տալիս»։
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնել են, որ երկու օր առաջ արցախցիներով դիմում են գրել և պատասխան ստացել, Ասում են՝ վերանայում ենք, մեզ ընդամենը 15 օր ժամանակ տվեք։
«Շատերը, որպես հայ, Ռուսաստանում զրկվել են վարորդական իրավունքից, բայց մարդը նույնիսկ չգիտի, որ զրկված է։ Եկել է Հայաստան, ուզում է աշխատի, տաքսի քշի, մեկ էլ ոստիկանը կանգնեցնում է, ասում է՝ դու զրկված ես, քեզ Ռուսաստանում են զրկել։ Եթե Ռուսաստանում զրկված է, խի՞ չտան մեր հայրենակցին հայկական վարորդական իրավունքը։ Խի՞ տենց կիսատ-պռատ օրենք են հանել»,-նշեցին ակցիայի մասնակիցները:
Մասնակիցներից մեկը պատմեց նաև, որ ինքն անձամբ ընտրել է Նիկոլ Փաշինյանին՝ հավատալով, որ խոստումը կիրականացվի։ «Երբ իմացա, որ Հայաստանում վերականգնելու են վարորդական իրավունքները, շատ ուրախացա։ Ես անձամբ իրեն եմ ընտրել։ Գիտեի, որ վարորդական իրավունքների հարցը պիտի լուծվի։ Ասել եմ՝ պարոն վարչապետը ժողովրդի հետ է։ Բայց արի ու տես՝ բաժանեց»:
Քաղաքացիների խոսքով՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շատերը վճարել են նաև օրենքով նախատեսված գումարը, սակայն հետո միայն տեղեկացել են, որ իրենց վրա այդ կարգավորումը չի տարածվում։
«Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, մարդ կա՝ չիմանալով, որ հաստատվել է օրենքը` 50 հազար դրամը վճարել է, հետո ասել են՝ քեզ չի հասնում, դու Արցախից ես։ Գումարը տվել է, հիմա ասում են՝ դիմում գրի, որ մի շաբաթ հետո գումարը վերադարձնենք։ Բայց արդա՞ր է»,-հավելցին նրանք:
Ակցիայի մասնակիցը համոզված է, որ նման մոտեցումը հասարակությանը բաժանելու փորձ է։
Նրանց խոսքով՝ մասնատում մեր երկրում պետք չեն: Մի բուռ ազգ ենք մնացել։ Արցախցիներին, 17, 18 թվին զրկվածներին չեն տալիս։ Մենք պիտի միասնական լինենք, ոչ թե բաժանենք։ Արցախցիներին, ընդհակառակը, պիտի առաջնահերթություն տային։ Տուժած մարդիկ են, պատերազմ տեսած մարդիկ են