Գագիկ Ծառուկյանի աջակիցները շարունակում են բողոքի ակցիաները՝ նշելով, որ նրա հետ կապված գործընթացների հետևանքով փակվել են բազմաթիվ աշխատատեղեր, իսկ մարդիկ մնացել են առանց աշխատանքի։
«Բոլորն էլ, որ այստեղ են, արդեն պարզ է՝ ինչի համար են եկել։ Ծառուկյանն այսքան աշխատատեղ է բացել, թող ցույց տան մեկ ուրիշ մեծահարուստի, որ այսքան աշխատատեղ է ստեղծել։
Ես ուղիղ մեկ ամիս է՝ տանը նստած եմ: Չգիտեմ՝ որտեղ գնամ աշխատեմ։ Մի քանի ռեստորան կա, որտեղ սպասուհիներն իրենց աշխատանքն են անում։ Ես ի՞նչ պետք է անեմ. ոչ մենեջեր եմ, ոչ էլ այդ ռեստորանի տերը։ Ցույց տվեք գոնե մեկ պետական հիմնարկ, որտեղ կարող ենք մտնել ու աշխատել։ Ոչ էկոնոմիկա կա, ոչինչ չկա Հայաստանում։ Եղած աշխատատեղերն էլ փակել եք։ Մարդիկ որտե՞ղ գնան աշխատեն։ Տնտեսությունը մի՛ կործանեք, որովհետև հենց տնտեսությամբ է երկիրը հզորանում»,-նշեց նա:
Աշխատակիցը ասաց, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողություններն արդարացված չեն։
«Հայաստանում մի՞թե քիչ մարդիկ կան, որ աշխատատեղեր են բացել։ Շատ մարդկանց են ձերբակալել, բայց նրանց բացած աշխատատեղերը շարունակել են գործել։ Իսկ այստեղ փակեցին։ Ինչո՞ւ։ Ինչպե՞ս կարելի է մարդկանց թողնել առանց աշխատանքի։ Այստեղ եկածներն էլ երևի կեսն են, որովհետև շատերը գումար չեն ունեցել գալու։ Ինչպե՞ս ամեն անգամ գանք, այստեղ կանգնենք ու նորից տուն վերադառնանք։ Ի՞նչ միջոցներով գանք»։
Ակցիայի մասնակիցը նաև ընդգծեց, որ ինչ հիսշուն է Ծառուկյանը աշխատատեղեր էր բացում, մարդիկ աշխատում էին։ Թե որքան էին վարձատրվում, չի կարող ասել, բայց մարդիկ կարողանում էին հիվանդանոց գնալ, իրենց առօրյա ծախսերը հոգալ։
Իսկ հիմա ամեն ինչ փակել են, որ տնտեսությունը կործանվի։
«Եթե տնտեսությունը կործանվի,մեզ ի՞նչ է մնալու։ Մնալու է Ադրբեջանից հաց, փչացած ցորեն մուրալը: Դրան են մեզ հասցնում։ Բայց դա չի լինելու։ Հայրենասերները շատ են»,-հավելեց նա: