«Քննչական կոմիտեում մտադիր են չարաշահեն իրենց լիազորությունները` քննիչների հանցանքը կոծկելու նպատակով»,-այս մասին գրել է ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ՔԿ ԵՔՎ ոստիկանին ծեծելու դեպքին:
«Քննչական կոմիտեն, ինձ հասած տեղեկություններով, ուզում է կալանքի տանի իրենց իսկ կողմից խոշտանգված ոստիկանին, որպեսզի նրա ազատությունը կախված լինի ՔԿ քննիչներից ու նա ՔԿ քննիչների խոշտանգման մասին ցուցմունք չտա։
Միաժամանակ, ամեն կերպ հետաձգվում է գործը Հակակոռուպցիոն կոմիտե փոխանցելը, որպեսզի Քննչական կոմիտեի քննիչները արագի մեջ գործը դնեն իրենց խոշտանգող գործընկերների համար «հարմար» ուղղության վրա։
Կյանքումս շատ բան կպատկերացնեի, բայց որ Քննչական կոմիտեում համազգեստով ոստիկանի կխոշտանգեն ու հետո էլ ամեն տեսակի ապօրինության կդիմեն, որպեսզի դա կոծկեն` երբեք չէի պատկերացնի։
Ու հա, Քննչական կոմիտեում երևի չեն հասկանում, որ հանրությանը սուտ ասելուց իրենց հեղինակությունն ու վստահելիությունն են պատերին տալիս։ Թե բա «20 ոստիկան ծեծել են 2 քննիչի»... Մի օր այդ տեսանյութը հրապարակվելու է ու բոլորը տեսնեն ՔԿ տարածած ստի աստիճանը։
Հ.Գ. Փնտրվում է խոշտանգման դեմ պայքարում հետաքրքրված գլխավոր դատախազ»,-գրել է նա:
Հիշեցնենք՝ «Իշխանություն» լրատվականը գրել է, որ ՔԿ ԵՔՎ շենքում վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ ծեծի է ենթարկվել Եղվարդի բաժնի օպերլիազոր, մայոր Սարգիս Բագրատունյանը: Մեր հրապարակումից հետո ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը սուտ հերքում էր տարածել, ու խայտառակ եղել: