603 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-07 13:31
Քաղաքական խաղադաշտ

Վահագն Ալեքսանյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Վահագն Ալեքսանյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Շվեյցարիան Հայաստանի համար զարգացման մոդել է։ Մեր երկրները խորհրդարանական են, և մենք բարձր ենք գնահատում Շվեյցարիայի հանձնառությունը և փորձը խորհրդարանական կառավարման տեսանկյունից․ ողջունելով Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։

ԱԺ փոխնախագահը նշել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների զարգացումը տարբեր մակարդակներում՝ այդ համատեքստում ընդգծելով խորհրդարանական բարեկամական խմբերի առանձնահատուկ դերակատարությունը։ Երկուստեք կարևորվել է բարեկամական խմբերի հարաբերությունների դինամիկ զարգացումը։

Դեսպանի խնդրանքով Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է խորհրդարանական մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների գործակցությանը, նշել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջնահերթությունները։ ԱԺ փոխնախագահն ընդգծել է խորհրդարանական վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում։ Առաջնահերթ է համարվել նաև ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին։

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին։