Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասի ուղեկցությամբ այսօր այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն: «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Եռաբլուր զինվորական պանթեոնում ասել է, որ իրենք ամեն անգամ նշել են՝ Եռաբլուրը և մյուս նվիրական վայրերն իրենց համար հարցազրույցների վայր չեն, այլ աղոթքի, խոկումի և ապրումի վայրեր։
«Վերստին մեր հայցն ու աղոթքն այսօր առ Աստված բարձրացրեցինք Մայր Տաճարում՝ նշելով Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը։ Եվ մեր խնդրանքն առ Աստված մատուցեցինք, որպեսզի անսասան լինեն հայոց պետականությունը, հայրենի մեր երկիրը և մեր ժողովուրդը»,– ասել է Վեհափառ Հայրապետը։
Նա նշել է, որ Եռաբլուր է եկել նաև զոհվածների հիշատակի առջև խոնարհում բերելու և աղոթք մատուցելու համար։
«Մեր խնդրանքն է, որ ազգի զավակները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, ոգեշնչվեն մեր հերոս զավակների քաջարի ոգով և նվիրումով ու հանձնառությամբ՝ իրենց ծառայությունը բերեն մեր պետականության ամրապնդմանը, մեր հայրենիքի զորացմանը, մեր ժողովրդի օրհնյալ ու բարօր կյանքի ապահովմանը»,– ասել է նա։
Վեհափառ Հայրապետը նաև մաղթել է, որ հայ ժողովուրդն ապրի համերաշխ, միասնական և խաղաղ։
«Տերը թող միշտ իր աջը հովանի դարձնի մեր հայրենիքի և մեր ժողովրդի վրա։ Ապրենք խաղաղության մեջ, ապրենք համերաշխ և անվրդով կյանքով»,– ասել է Գարեգին Բ-ն։