285 դիտում, 45 րոպե առաջ - 2026-09-29 12:33
Հայաստանով մեկ

Վեհափառի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության կամ քաղաքական խմբի միջոցով․ Տեր Գաբրիել

Վեհափառի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության կամ քաղաքական խմբի միջոցով․ Տեր Գաբրիել

Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության, քաղաքական խմբի, առանձին անհատի կամ փողոցային պահանջի միջոցով, այս մասին հայտարարել է Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը։

Տեր Հոր խոսքով՝ աշխարհիկ կազմակերպության համար բնական է, որ ղեկավարը պաշտոնավարում է ընտրության պահից, իսկ նույն մարմինը, որոշակի ընթացակարգով, կարող է նաև պահանջել նրա հրաժարականը, սակայն Եկեղեցու պարագայում այդ գործընթացը նույնական չէ։

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Ազգային-Եկեղեցական Ժողովը բարձրագույն այն մարմինն է, որի իրավասությունների ներքո է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը։ Սա կարևոր հանգամանքը է, որովհետև Կաթողիկոսի ընտրությունը Հայ Եկեղեցու կյանքի ամենաբարձր և ամենապատասխանատու եկեղեցական գործընթացներից մեկն է։ Եկեղեցական ժողովը սկասվում է աղոթքով, Աստծու առաջ պատասխանատվության գիտակցությամբ և այն ընթանում է Սուրբ Հոգու առաջնորդությամբ։

Գործք Առաքելոց գրքի 15-րդ գլխի վկայության համաձայն՝ Երուսաղեմի Առաքելական ժողովը, քննելով Եկեղեցու համար կարևորագույն հարցեր, իր որոշումը ձևակերպում է հետևյալ խոսքերով. «Հաճելի թվաց Սուրբ Հոգուն և մեզ» (Գործք 15.28)։ Այս արտահայտության մեջ ամբողջությամբ բացահայտվում է եկեղեցական ժողովի բնույթը։ Առաքյալները չեն ասում՝ «մենք որոշեցինք»։ Նրանք իրենց որոշումը հասկանում են որպես Սուրբ Հոգու առաջնորդության ներքո կատարված եկեղեցական որոշում։ Հենց սա է եղել նաև տվյալ եկեղեցական ժողովական գիտակցության չափանիշը։

Հետևաբար, երբ Եկեղեցու իրավասու ժողովը, աղոթքով և եկեղեցական կարգով, ընտրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այդ գործողությունը պետք է ընկալվի ոչ թե որպես աշխարհիկ ընտրական գործընթաց, այլ որպես Եկեղեցու աղոթական և ժողովական ծառայություն՝ Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Այսպիսով՝ Եկեղեցական ժողովը չի կարելի նույնացնել խորհրդարանի, քաղաքական կուսակցության համագումարի կամ որևէ աշխարհիկ կազմակերպության ժողովի հետ։

Հայ Եկեղեցու կանոնական ավանդության համաձայն՝ կաթողիկոսը ընտրվում է Ազգային-Եկեղեցական Ժողովով, ցմահ, և ապա ձեռնադրվում ու օծվում է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Կաթողիկոսական օծումը վկայում է, որ Կաթողիկոսի ծառայությունը պարզապես վարչական պաշտոն չէ։ Կաթողիկոսը ստանձնում է հոգևոր և հայրապետական ծառայություն Քրիստոսի Եկեղեցու մեջ, այսինքն՝ ստանձնում է բացառիկ սրբազան ծառայության հանձնառություն։

Այսպիսով՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար Կաթողիկոսի ընտրությունը պետք է հասկանալ երեք իրողությունների միասնության մեջ. Ժողով-Սուրբ Հոգու առաջնորդություն-Օծում։ Հետևաբար՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարզապես «ընտրված ղեկավար» չէ։ Նա Եկեղեցու կողմից ընտրված, Եկեղեցու սրբազան կարգով օծված և Քրիստոսի Եկեղեցում ծառայության կոչված Հայրապետ է։

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական կենսագրությունը հստակ արձանագրում է, որ Հայոց Հովվապետը 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-Եկեղեցական Ժողովում ընտրվել է Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց, իսկ նոյեմբերի 4-ին ստացել է կաթողիկոսական ձեռնադրություն և օծում։

Ըստ այդմ, եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընտրվել է Հայ Եկեղեցու բարձրագույն իրավասու ժողովի կողմից, և այդ ընտրությունից հետո ստացել է կաթողիկոսական ձեռնադրություն և օծում, ապա նրա պաշտոնավարման հարցը չի կարող վերածվել աշխարհիկ քաղաքական պահանջի։ Որևէ անհատ, խումբ, քաղաքական ուժ կամ պետական կառույց չի կարող իրեն վերապահել այն իրավասությունը, որը պատկանում է Եկեղեցու կանոնական մարմնին։ Որովհետև Կաթողիկոսական ընտրությունը զուտ մարդկային կամ վարչական գործընթաց չէ, այլ աստվածմարդկային իրողություն։ Ընտրությունը չի կատարում միայն ժողովը՝ իր մարդկային պատասխանատվությամբ, այլև տեղի է ունենում Սուրբ Հոգու առաջնորդությամբ և ներգործությամբ։ Ուստի՝ այդ ընտրության նկատմամբ առկա է նաև Աստվածային հաճությունը, և ընտրված Կաթողիկոսի ծառայությունը պետք է ընկալել այդ աստվածայինի և մարդկայինի համագործակցության խորհրդի լույսի ներքո։

Հետևաբար, երբ Կաթողիկոսի հեռացումը ներկայացվում է որպես պարզապես վարչական բնականոն գործընթաց, առանց հաշվի առնելու նրա ընտրության աստվածայինի և մարդկայինի համագործակցության բնույթը, այդպիսի մոտեցումը կարող է վերածվել Սուրբ Հոգու առաջնորդության դեմ պայքարի։ Որովհետև մարդը, իր անձնական կամ խմբային կամքի հիման վրա Կաթողիկոսի հեռացումը պահանջելով, իրեն վերապահում է այնպիսի իշխանություն, որը վեր է դասում մարդկային կամքը այն ընտրությունից, որ կատարվել է Եկեղեցու ժողովական մարմնի միջոցով՝ Սուրբ Հոգու առաջնորդությամբ։

Ուստի Կաթողիկոսի ընտրության հանդեպ հարգանքը միայն ընտրված անձի հանդեպ հարգանք չէ. այն նախևառաջ հարգանք է Եկեղեցու խորհրդի, ժողովական կարգի և Սուրբ Հոգու առաջնորդության նկատմամբ։

Եթե այսօր փողոցի, քաղաքական ճնշման կամ հասարակական պահանջի միջոցով փորձ է արվում հեռացնել Եկեղեցու կողմից ընտրված և օծված Հայրապետին, ապա վաղը նույն մեխանիզմը կարող է կիրառվել եկեղեցական ցանկացած հարցի վերաբերյալ, դրանք լինեն դավանաբանական-վարդապետական, ծիսական կամ հենց եկեղեցում դարերով ամրագրված աստվածային ճշմարտությունների վերաբերյալ, իսկ արդյունքում կխեղաթյուրվի 1700-ամյա Եկեղեցում դարերով ամրագրված հավատքի ճշմարտությունները և Եկեղեցին դուրս կմղվի իր հոգեփրկչական առաքելության ծիրից։ Այդ պարագայում այլևս կանոնական Եկեղեցի չենք ունենա, այլ կունենանք աշխարհիկ ճնշումներին ենթակա ինչ-որ կառույց։

Հետևաբար՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության, քաղաքական խմբի, առանձին անհատի կամ փողոցային պահանջի միջոցով»,- նշել է Տեր Գաբրիելը։