ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ ոստիկանությունը Շաքի ներթափանցած ադրբեջանցու միջադեպին արձագանքել է հնարավորինս արագ։ Այս մասին նա հայտարարել է ՄՀՀ-ում՝ պատասխանելով միջադեպին առնչվող հարցերին։
Նախարարի ներկայացմամբ՝ դեպքի պահին ոստիկանը հանգստի մեջ է եղել, երբ տուժողը զանգահարել է նրա անձնական հեռախոսահամարին։ Զանգի ընթացքում փոխանցված տեղեկությունը հստակ չի եղել, իսկ խոսակցությունը դժվարությամբ է լսելի եղել։
Այդուհանդերձ, Սարգսյանի խոսքով, ոստիկանը զանգից հետո տասը րոպեից էլ քիչ ժամանակում հասել է դեպքի վայր։ Նրա ներկայությամբ և ուղղորդմամբ տուժողի որդին զանգահարել է 112 օպերատիվ կառավարման կենտրոն, որից հետո օպերատիվ խումբը ևս տասը րոպեի ընթացքում ժամանել է դեպքի վայր։
Սարգսյանը վստահեցրել է, որ ներգրավված բոլոր ծառայություններն իրենց պարտականությունները կատարել են պատշաճ կերպով։ Նրա գնահատմամբ՝ առկա փաստերը բավարար են նման եզրակացության հանգելու համար։