351 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-17 14:09
Քաղաքական խաղադաշտ

Սկանդալը հասավ Եվրոպա

Սկանդալը հասավ Եվրոպա

Հայաստանի ներքաղաքական օրակարգում ծավալվող Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացումները արդեն վաղուց դուրս են եկել զուտ ներքին դաշտից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի միջև առկա լարվածությունը աստիճանաբար վերածվում է միջազգային արձագանք ունեցող քաղաքական հարցի, որտեղ հնչող գնահատականները գնալով կոշտանում են։

Իտալական հեղինակավոր Giornale D’Italia պարբերականը հրապարակել է նյութ, որտեղ նշվում է, որ «դատական ակտի կատարմանը խոչընդոտելու» ձևակերպմամբ առաջադրված մեղադրանքը կարող է դիտարկվել ոչ թե որպես զուտ իրավական գործընթաց, այլ որպես քաղաքական գործիք՝ ուղղված իշխանության հիմնական հակակշռող ինստիտուտներից մեկի թուլացմանը։ Պարբերականը փաստում է, որ աշխարհիկ իշխանության կողմից վարչական լծակների կիրառումը եկեղեցու ներքին հարցերում անցնում է թույլատրելի սահմանները և վտանգավոր նախադեպ է ստեղծում պետություն–եկեղեցի հարաբերությունների համար։

Սա արդեն մեկուսացված գնահատական չէ։ Ֆրանսիայում գործող Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ CCAF-ը, հրապարակայնորեն դատապարտել է Հայաստանում սկսված գործընթացները և իշխանություններին կոչ արել անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ճնշումները։ Հայտարարությունը հրապարակել է կազմակերպության համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը՝ ընդգծելով, որ եկեղեցու դեմ նախաձեռնված գործողությունները վտանգում են ազգային համերաշխությունը և հարվածում հայկական ինքնության\nհիմնասյուներից մեկին։

Արձագանքը սահմանափակված չէ միայն Եվրոպայով։ Արգենտինայի հայկական կազմակերպությունները նույնպես հանդես են եկել կոշտ հայտարարությամբ՝ նշելով,\nոր տեղի ունեցողը լայն գործընթացի մաս է, որը բնութագրվում է պետական ինստիտուտների\nթուլացմամբ և կառավարման մոդելի աստիճանական կենտրոնացմամբ։ Նրանց գնահատմամբ՝ եկեղեցու նկատմամբ ճնշումները պետք է դիտարկել պետական համակարգի ներսում հակակշիռների կրճատման համատեքստում։

Այս ամենը ցույց է տալիս մեկ հստակ միտում․ սփյուռքի ազդեցիկ կառույցների կողմից արձագանքը համակարգային բնույթ է ստանում։ Հետաքրքիր է, այս անգամ էլ է՞ իշխանությունը ձևավորվող քննադատությունը ներկայացնելու որպես արտաքին կենտրոնների «ուղղորդում» կամ «մոսկովյան հետք»։ Եվրոպական և լատինամերիկյան հայկական կազմակերպությունները գործում են սեփական համայնքային և ազգային օրակարգի շրջանակում, և նրանց արձագանքը բխում է եկեղեցու նկատմամբ կիրառվող մեթոդների նկատմամբ սկզբունքային անհամաձայնությունից։

Ավելին, Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ\nեղել է ոչ միայն հոգևոր կառույց, այլև ազգային ինքնության պահպանման առանցք։ Երբ պետական\nիշխանությունը մտնում է բաց հակադրության այդ ինստիտուտի հետ, խնդիրը ավտոմատ կերպով\nդառնում է համազգային։ Սփյուռքը, որի համար եկեղեցին հաճախ հանդիսանում է համայնքային\nկյանքի կենտրոն, բնականաբար արձագանքում է ցանկացած քայլի, որը կարող է ընկալվել որպես\nայդ ինստիտուտի հեղինակության խաթարում։

Քաղաքական տեսանկյունից ստեղծված իրավիճակը պարունակում է մի քանի ռիսկեր։ Նախ՝ միջազգային հրապարակումներում ձևավորվող բացասական օրակարգը կարող է անդրադառնալ Հայաստանի արտաքին ընկալման վրա՝ հատկապես այն պայմաններում, երբ\nիշխանությունը հայտարարում է եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու մասին։ Երկրորդ՝\nներքին բևեռացման խորացումը կարող է վերածվել ինստիտուցիոնալ ճգնաժամի, եթե պետություն–եկեղեցի հարաբերությունները տեղափոխվեն ուժային հարթություն։ Երրորդ՝ սփյուռքի և Երևանի միջև\nանվստահության աճը երկարաժամկետ հետևանքներ կարող է ունենալ համահայկական միասնականության համար։

Ակնհայտ է, որ ճնշումների թեման աստիճանաբար վերածվում է միջազգային քաղաքական հարցի։ Եվրոպական հայկական կառույցների դիրքորոշումը ոչ միայն հուզական արձագանք է, այլ նաև ազդակ իշխանությանը, որ եկեղեցու դեմ գործողությունները դիտարկվում են որպես ժողովրդավարական սահմանների խախտում։