279 դիտում, 55 րոպե առաջ - 2026-10-23 11:07
Քաղաքական խաղադաշտ

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստին

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել և կայացած քվեարկությամբ ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներառվել է Ազգային ժողովի լիագումար նիստում:

Այսպիսով, նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստում, հայտնում է ԹՐԻՓՓ-Հայաստան ֆեյսբուքյան էջը։

Ի գիտություն. ԱՄՆ-ում համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերն արդեն ավարտվել են, և ՀՀ-ում դրանց ավարտից հետո ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ այս միջազգային պայմանագիրն ուժի մեջ կմտնի։

Հիշեցնենք, որ  ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:

Հայաստանի կառավարությունը հուլիսի 16-ի նիստում հաստատել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը՝ մեկնարկելով դրա վավերացման գործընթացը։

Հաջորդ փուլով նախագիծն ուղարկվել էր Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն որոշել է, որ համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը։

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են համատեղ հռչակագիր։ Հռչակագրով հաստատվել է TRIPP նախագիծը՝ որպես տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագիր։