Կառավարությունը հավանություն է տվել «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի համաձայնագրի կնքմանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորվել է կառավարության անունից համաձայնագիրը ստորագրել ամերիկյան «Թի Դի Սի Յու Էս Ինք.» (TDC US Inc.) ընկերության հետ։
Նոր ընկերությունում Հայաստանի բաժնեմասը կկազմի 26 տոկոս, իսկ ամերիկյան կողմինը՝ 74 տոկոս։ Տնօրենների խորհուրդը կունենա հինգ անդամ, որոնցից երեքին կնշանակի ամերիկյան, իսկ երկուսին՝ հայկական կողմը։
Փաշինյանի խոսքով՝ համաձայնագիրը կստորագրվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո ընկերությունը կգրանցվի Հայաստանում։
«Մեր անկախությունից ի վեր՝ սա ամենամեծ տնտեսական նախագիծն է»,- հայտարարել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։