561 դիտում, 11 ամիս առաջ - 2025-11-12 06:47
Կուլիսներում

Անահիտ Ավանեսյանի ներկուսակցական ֆիասկոն

Անահիտ Ավանեսյանի ներկուսակցական ֆիասկոն

Վերջին ամիսներին ամենատարբեր հարթակներում՝ Ազգային Ժողովի ամբիոնից մինչև լրագրողների հետ ճեպազրույցներ և սոցիալական ցանցեր, Անահիտ Ավանեսյանը ջանք չէր խնայում դաժանորեն «քննադատել» ընդդիմությանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ փորձելով «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևալ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրեթե հինգ տարի տևողությամբ բուռն գործունեության իմիտացիան և վերջին շրջանի ներկուսակցական ցուցադրական «գերակտիվությունը» որևէ կերպ չեն նպաստել նրա վարկանիշի բարձրացմանը անգամ ՔՊ-ում:

Նույնիսկ ՔՊ-ականներն են հասկացել, որ Անահիտ Ավանեսյանը ձախողել է: Եվ դրա լավագույն վկայությունը սեփական կուսակցության գնահատականն է:

Արդեն հայտնի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմի ընտրությունների վերջնական արդյունքները:

Վարչության կազմում նախատեսված հինգ կանանցից ընդգրկվել են ՔՊ-ական չորս կին պատգամավորներ՝ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Մանավազյանը և Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Գործադիրում բարձր պաշտոն զբաղեցնելով՝ Առողջապահության նախարար Ավանեսյանը կանանց պայքարում զբաղեցրել է միայն վեցերորդ տեղը և չի անցել վարչության կազմ:

Մայրաքաղաքում և մարզերում ահռելի վարչական լծակների տիրապետելով՝ առողջապահական համակարգի կին ղեկավարի վարչության կազմում լինելն արի ու տես, որ ՔՊ-ականների ավելի քան 50 տոկոսի սրտով չէ:

Լինելով ամենամարդասիրական ոլորտի պատասխանատուն, ի տարբերություն մյուս կին թեկնածուների, Ավանեսյանը լավագույն շանսերն է ունեցել սեփական կուսակցությունում դառնալու ամենաընդունելի կին առաջնորդը, սակայն չի դարձել, թերևս պատճառն ակնհայտ է:


Լիա Սարգսյան