Դուք այդ բարձր պատգամավորի խոսափողից, կխնդրեմ, կեղծ թեզ չդնեք իմ բերանը և հետո դրա վերաբերյալ հարց տաք։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին։
Պատգամավորի և նախարարի միջև բանավեճը ծավալվեց Վարդենիսի բժշկական կենտրոնի և դրանում նախատեսվող դիահերձարանի կառուցման ժամկետների շուրջ։
Պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր հարցում նշեց, որ Վարդենիսում բնակչության հետ հանդիպման ժամանակ նախարարը հայտարարել էր, թե հիվանդանոցը կառուցվում է, սակայն իրականում որևէ շինարարական աշխատանք չկա։
Ի պատասխան՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հիվանդանոցի կառուցման գործընթացը մի քանի փուլից է բաղկացած։
«Ես ասել եմ, որ Վարդենիսի բժշկական կենտրոնը վերանորոգվում է և այն արդեն իսկ ամփոփման շրջանում է։ Ես ասել եմ, որ Վարդենիսի նոր բժշկական կենտրոնի նախագիծը արդեն իսկ հրապարակված է, և նոր կառուցվող բժշկական կենտրոնում կլինի նաև այդ ծառայությունը՝ դիահերձարանը։ Սա է իրականությունը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ մինչև նոր մասնաշենքի պատրաստ լինելը, պետությունը ներդրումներ է արել գործող հիվանդանոցում պայմանները ստանդարտներին համապատասխանեցնելու համար։
Թագուհի Թովմասյանը չբավարարվեց նախարարի պատասխանով և արձագանքման իր հնարավորության ժամանակ կրկին պահանջեց հստակ ժամկետներ նշել։
«Ես չեմ հարցնում գործող հիվանդանոցի վերանորոգման մասին, ես խոսում եմ ձեր ասած նոր կառուցվող հիվանդանոցի ժամկետների մասին, որը հիմա դուք էլի չասացիք։ Ասեք ժամկետներ՝ երբ է սկսվելու և երբ է ավարտվելու շինարարությունը»,- հարցրեց Թովմասյանը։
Անահիտ Ավանեսյանը, եզրափակելով միտքը, վերստին շեշտեց, որ կառուցման ընթացակարգն ունի փուլեր։
«Վարդենիսի հիվանդանոցի նախագիծը արդեն ավարտվել է և փորձաքննությունների շրջանակներում է։ Մինչև տարվա վերջ մենք կունենանք շինարարության մրցույթ։ Երբ որ կունենանք շինարարության մրցույթը, այդ ժամանակ էլ պարզ կդառնա շինարարական ընթացքի, տարիների, ժամանակի հստակ շրջանակը, այդ ժամանակ էլ կհրապարակենք։ Այս պահին ես չեմ կարող ներկայացնել շինարարության ժամկետ, որովհետև դեռ շինարարության մրցույթը դեռ հայտարարված չէ»,- ասաց Ավանեսյանը։