447 դիտում, 9 ամիս առաջ - 2025-12-11 08:24
Հայաստանով մեկ

Յուրի Սաքունց․ հաղթանակների, պայքարի և անտրտունջ աշխատանքի պատմությունը

 Պրոֆեսիոնալ բռնցքամարտի չորս վարկածով աշխարհի չեմպիոն, ուժային եռամարտի երկակի աշխարհի չեմպիոն, մաս-ռեսթլինգի Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, Սթրոնգմենի Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, մարտարվեստների աշխարհի հաղթող և ձեռնամարտի 4-րդ դանի վարպետ Յուրի Սաքունցը այն մարզիկներից է, ում անունը հնչում է միանգամից մի քանի ուժային մարզաձևերում։\n

Մարզիկի սպորտային ուղին սկսվել է դեռ մանկությունից՝ հոր՝ ըմբշամարտի ԽՍՀՄ չեմպիոն, սպորտի վարպետ Նիկոլայ Սաքունցի դահլիճում։ Երիտասարդ Յուրին առաջին մարզումներն անցել է նրա վերահսկողությամբ, և հենց այդ տարիներին են ձևավորվել նրա կամքը, կարգապահությունը և մարտական բնավորությունը։\n

2024 թվականը Սաքունցի համար առավել հագեցած էր․ միայն այս տարի նա մասնակցել է յոթ մենամարտի։ Յուրին ասում է, որ պատրաստ է մրցել ամեն ամիս, քանի որ իր թիկունքում կանգնած են մարդիկ, որոնք հավատում են իրեն։\n

Յուրիի կյանքում հանգիստ գոյություն չունի․ ամեն անգամ մրցումներից վերադառնալով՝ նա ոչ թե հանգստանում է, այլ անհապաղ անցնում է նոր մարզումների։ Մարզիկը չի դադարում զարգանալ՝ անկախ հաղթանակներից և ստացած տիտղոսներից։

\n2014 թվականից Սաքունցը սկսեց սահմանել ուժային վարժությունների ռեկորդներ՝ հայտնվելով համաշխարհային ռեկորդակիրների ցանկում։ 2019-ին նա դարձավ ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն և Եվրոպայի գավաթի բացարձակ հաղթող։ 2022 թվականին նա մտավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհ և կարճ ժամանակում տպավորիչ արդյունքներ գրանցեց։ Սաքունցն այսօր համարվում է աշխարհի և Գինեսի բազմակի ռեկորդակիր՝ սահմանելով 20 ռեկորդ։

\nՊրոֆեսիոնալ ռինգում Սաքունցը անցկացրել է 14 մենամարտ՝ բոլորն էլ հաղթելով։ Նրանցից 12-ը նոկաուտով են ավարտվել։ Իր կարիերայի ամենահիշարժան հաղթանակը նա համարում է այս տարվա այն մենամարտը, որը կայացավ Մոսկվայում՝ ադրբեջանցի մարզիկի դեմ։ Այդ օրը՝ ապրիլի 24-ին, Սաքունցը երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին։ Նրա խոսքով՝ այդ հաղթանակը պարզապես մարզական հաջողություն չէր․ այն հպարտության ու պատասխանատվության կարևոր պահին բերված հաղթանակ էր։ Միջազգային ռինգում բարձրացված հայկական եռագույնը նորից ամրապնդեց հավատը հայրենիքի ուժի հանդեպ։

\nՍակայն հաղթանակների ստվերում կա մի ցավալի հանգամանք։ Յուրին չի թաքցնում իր հիասթափությունը՝ նշելով, որ պետական աջակցություն անհայտ է․ որևէ ձևով չեմպիոնին ուղեկցող աջակցություն չկա։ Նրա խոսքով՝ հաղթանակից հետո հայրենիք վերադառնալիս սպասումը մեծ է, բայց իրականությունն՝ անվերջ լռություն։ Սաքունցը ցավով նշում է՝ խնդիրն աջակցությունից է չէ, խնդիրը վերաբերմունքի բացակայությունն է։

\nՉնայած այս ամենին՝ Հայաստանի անունը միջազգային դահլիճներում բարձր պահող մարզիկը մտադիր չէ թողնել սպորտը։ Նա վստահ է իր ուժին, էությանը և գործին նվիրվածությանը։ Սաքունցը շարունակում է իր պայքարը՝ անկախ դժվարություններից, անտեսվածությունից կամ լռությունից։ Նրա համոզմամբ՝ մարդը պետք է շարունակեր քայլել, որքան էլ ճանապարհը ծանր լինի։\nՅուրիի մեջքը դեռ ուժեղ է, ձեռքը՝ հաստատ, կամքը՝ անսասան։\nՆա այն մարզիկներից է, ովքեր հաղթում են ոչ միայն ռինգում, այլև կյանքում՝ ամեն օր, ամեն մարզմամբ, ամեն վերադարձով։