3282 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-18 17:47
Հայաստանով մեկ

Երկրի թիվ 1 ահաբեկիչը մինչև հիմա սպառնում է մարդկանց․ Բագրատ Սրբազան

Երկրի թիվ 1 ահաբեկիչը մինչև հիմա սպառնում է մարդկանց․ Բագրատ Սրբազան

Հարգելի դատարան, այն, որ մենք ահաբեկիչ չենք, դա անհերքելի փաստ է. որ ուզենայինք էլ, չէինք կարող լինել։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը։

Սրբազանն ընդգծեց, որ իրականում ոչ թե իրենք են ահաբեկիչ, այլ գործող իշխանություններն են ահաբեկված, իսկ իրենց քայլերը եղել են բացառապես հակաահաբեկչական բնույթի։

Բագրատ սրբազանը նաև քննադատեց Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ վերջինս շարունակում է վախի մթնոլորտ տարածել և վիրավորել քաղաքացիներին։

«Մենք հակաահաբեկչական գործողություններ ենք կատարել, որովհետև երկրի թիվ մեկ ահաբեկիչը մինչև այսօր սպառնում է մարդկանց բոլոր առումներով։ Ընդ որում՝ երեք օր առաջ էլ սպառնալով մեր ընտրական իրավունքին՝ ասաց, թե 500,000 հոգի կաշառքով գնացել, ընտրել են սրան-նրան։ Ես համարում եմ դա ահաբեկչություն։ Այստեղ նստածներից որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ում է կաշառքով ընտրել. չի՛ կարող։ Դրա համար պետք է իրեն դատի տալ»,- ասաց նա։

Սրբազանը հավելեց, որ մեղադրող կողմի հայտարարություններն ու առաջադրված սցենարները բոլորի համար պարզ ու հասկանալի են, և յուրաքանչյուրն այսօր տեսնում է, թե ինչ է կատարվում երկրում։

Անդրադառնալով իր նկատմամբ կիրառվող խափանման միջոցին և դատական ընթացակարգերին՝ բարձրաստիճան հոգևորականը շեշտեց, որ պատրաստ է ցանկացած որոշման և որևէ մեկից ակնկալիք չունի։

«Ես ոչ մեկից ոչ խնդրելիք ունեմ, ոչ պահանջելիք, ոչ էլ ոչինչ։ Նույնիսկ հիմա որոշում կայացնեք՝ հետ գնամ ԱԱԾ, մի քիչ էլ ավելի խորը տեղ, ուզում եք՝ Խոր Վիրապի փոսը գցեք, խնդիր չկա։ Ինձ ոչ մի բան չի պատահելու, հավատացե՛ք, չի պատահելու»,- ասաց նա։

Սրբազանը վերահաստատեց իր դիրքորոշումը, որ իրենք իրավական ու օրինական ճանապարհով շարունակելու են իրենց պայքարը, և ի վերջո հաստատվելու է արդար պատիժ։

Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորված է 2025 թվականի հունիսից։ Ըստ քննչական կոմիտեի՝ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարն ու մասնակիցները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։