1518 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-20 14:03
Քաղաքական խաղադաշտ

«Քյարքին Հայաստանի տարածք չէ». Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

Փաշինյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցեր է ուղղել Վարդաշենի վթարային շենքերի բնակիչների բարձրաձայնած խնդիրների, Տիգրանաշենի կարգավիճակի և «Flyone» ավիաընկերության գործունեության վերաբերյալ։

Վարդաշենի բնակիչները պնդում են, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը խոստացել էր վթարային շենքերի բնակիչներին բնակմակերեսի ավելացում։ Լրագրողը հետաքրքրվել է՝ որտե՞ղ է այդ խոստման իրականացումը։

«Մենք այդ հարցով ոչ թե զբաղվելու ենք, այլ զբաղվում ենք»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով նաև 7,8 միլիոն դրամի փոխհատուցմանը։ Նրա խոսքով՝ այդ գումարը տրամադրվում է գույքի համար, որի արժեքը փաստացի զրո է։

Լրագրողը Փաշինյանին հարցրել է նաև՝ Տիգրանաշենը համարո՞ւմ է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք և քննարկվո՞ւմ է Ադրբեջանի հետ անկլավների փոխանակման հարցը։

Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է իրականացվի 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա առկա քարտեզներով։ Նրա խոսքով՝ այդ քարտեզներում Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին, Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան՝ Հայաստանի տարածք չեն։

«Այս հարցը պետք է լուծվի, բայց ռազմական ճանապարհով լուծելու տարբերակ չկա»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ հարցերը պետք է լուծվեն այնպես, որ դա ընդունելի լինի երկու երկրների և տվյալ տարածքներում ապրող բնակիչների համար։

Ճեպազրույցի ընթացքում բարձրացվել է նաև «Flyone» ավիաընկերության գործունեության հարցը։ Լրագրողը պատմել է իր հետ տեղի ունեցած դեպքի մասին և նշել, որ քաղաքացիներից ավելի քան 170 ահազանգ է ստացել։ Նա Փաշինյանին խնդրել է հանձնարարել իրավապահներին կամ վերահսկող պետական մարմիններին ուսումնասիրել ավիաընկերության գործունեությունը։