Միացյալ Նահանգները պետք է պահանջի բոլոր հայ ռազմագերիների անվերապահ ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է կոնգրեսական Լաուրա Ֆրիդմանը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։
«Ես միշտ աշխատելու եմ, որպեսզի թույլ չտանք, որ Արցախի հետ տեղի ունեցածը մոռացության մատնվի, որպեսզի մեր կառավարությունը գիտակցի, որ Արցախում դեռ շատ անելիքներ կան։ Ես եղել եմ Արցախում և կանգնել եմ չորրորդ դարից պահպանված հայկական եկեղեցիներում։ Մենք դեռ չգիտենք մշակութային ժառանգության վայրերի նկատմամբ կատարված պղծման ամբողջ ծավալը և այն, ինչ մինչ օրս շարունակվում է։ Բայց դա ողբերգություն է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև աշխարհի բոլոր ժողովուրդների, յուրաքանչյուր մարդու համար։ Եվ մենք պետք է այնպես անենք, որ աշխարհը դա հասկանա։
Տեղահանված և մինչ օրս տեղահանության մեջ գտնվող քաղաքացիական բնակիչների կյանքերը չպետք է մոռացվեն։ Եվ, անշուշտ, գերության մեջ պահվող ռազմագերիները պետք է լինեն Միացյալ Նահանգների կառավարության ուշադրության կենտրոնում։
Մենք չենք կարող դադարել այդ հարցում ճնշում գործադրել։ Իսկ այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր ագրեսիվ պատերազմի համար որևէ հետևանքների ընդհանրապես չի բախվել, պարզապես դուռ բացեց նրա առաջ՝ նույնը շարունակելու նաև Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ուստի Միացյալ Նահանգները պետք է պահանջի բոլոր հայ ռազմագերիների անվերապահ ազատ արձակումը։ Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը, աջակցենք Արցախից բռնի տեղահանված բոլոր մարդկանց վերադարձի իրավունքին և պաշտպանենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը՝ դրանք երաշխավորելով Միացյալ Նահանգների կառավարության աջակցությամբ»,- նշել է նա։