462 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-10 15:45
Օրենքի դաշտում

Սկանդալ. թմրանյութի գործով կալանավորվել է Վարդենիսի համայնքապետի օգնականը

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ օրերս թմրանյութի գործով կալանավորվել է Վարդենիսի ՔՊ-ական համայնքապետ Ահարոն Խաչատրյանի օգնական-խորհրդական Նորայր Մարտոյանը։ Դեպքից հետո Մարտոյանի աշխատանքի մասին տեղեկությունները հեռացվել են համայնքապետարանի պաշտոնական էջից: 

Հիշեցնենք, որ ՆԳՆ-ն հայտնել էր՝ հոկտեմբերի 2-ին իրավապահները հետապնդումից հետո ձերբակալել են Վարդենիսի երկու բնակչի։ Նրանց ավտոմեքենայում և բնակարաններում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է ավելի քան 3 կգ մարիխուանա, ինչպես նաև փամփուշտներ և ինքնաձիգի պահեստատուփեր։ Երկուսն էլ կալանավորվել են։ Գեղարքունիքի մարզպետարանից մեր լուրը հաստատեցին՝ կալանավորվածը համայնքապետարանի աշխատակից Նորայր Մարտոյանն է:

«Իշխանություն» լրատվականը կապ հաստատեց Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի հետ, ով պնդեց, թե Նորայր Մարտոյանը համայնքապետարանում աշխատել է 4 տարի առաջ։ Ստում է Ահարոն Խաչատրյանը:  Մեր ձեռքի տակ հայտնված փաստերը բոլորովին այլ իրականության մասին են վկայում։

Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական էջում հրապարակված 2025 թվականի ապրիլի 21-ի, նոյեմբերի 13-ի, ինչպես նաև 2026 թվականի փետրվարի 16-ի աշխատանքային խորհրդակցությունների լուսանկարներում տեսնում ենք Նորայր Մարտոյանին։

Ավելին՝ նրա ֆեյսբուքյան էջում ևս պահպանվել են համայնքապետարանի գործունեությանն առնչվող հրապարակումներ։

Մենք տեղեկացանք նաև, որ Նորայր Մարտոյանը համայնքապետ Ահարոն Խաչատրյանի փեսայի ընկերն է, և հենց այս «առավելության» համար է նշանակվել այդ աշխատանքին: