354 դիտում, 10 ամիս առաջ - 2025-11-12 06:29
Քաղաքական խաղադաշտ

Երազանքից՝ մղձավանջ․ Փաշինյանի ստերը եւ վերընտրվելու մոլուցքը

Երազանքից՝ մղձավանջ․ Փաշինյանի ստերը եւ վերընտրվելու մոլուցքը

Անկախության երազանքը պատերազմներով, պարտություններով, մարդկային ու տարածքային կորուստներով խորտակած Փաշինյանը ստով ու մանիպուլյացիայով փաթեթավորված նոր ուղերձ է հղել հայ ազգին։

Նա փորձում է համոզել, թե անկախության երազանքը իրականություն կարող է դարձնել միայն ինքը, ղեկավար, ով հայ մարդու գիտակցության մեջ ասոցացվում է ցավի, պարտության եւ պետության անկման հետ։

Իր ուղերձում Փաշինյանը պարտությունը ներկայացնում է որպես անխուսափելի ճակատագիր, իսկ իշխանության պահպանման մոլուցքը՝ «պետական շահ», «ազգային երազանք»։

Մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանն իր բոլոր խնդիրներով հանդերձ, պահպանել էր անկախ պետականությունը, սուվերենությունը եւ անվտանգության համակարգերը։ Չնայած առկա բազմաթիվ խնդիրներին, մարդիկ փորձում էին կառուցել այնպիսի Հայաստան, որի մասին երազել էին՝ անկախ, ինքնիշխան, խաղաղ, երջանիկ։ Նրա պաշտոնավարման առաջին իսկ տարիներից Հայաստանը մտավ վտանգավոր գործընթացների փուլ։ 2018թ․-ից հետո երկիրը հայտնվեց աննախադեպ ցնցումների մեջ, իսկ 2020թ․-ի պատերազմը, հետագա կորուստներն ու կախվածությունը Ադրբեջանից եւ Թուրքիայից ցույց տվեցին, որ պետությունն այսօր ավելի խոցելի է, քան երբեւէ։

Փաշինյանը ստում է, երբ խոսում է հաստատված խաղաղության մասին։ Օգոստոսի 8-ին տեղի է ունեցել անորոշ մի փաստաթղթի նախաստորագրում, ոչ թե վերջնական պայմանագիր։ Ավելին՝ Իլհամ Ալիեւը հրապարակային հայտարարել է, որ «Հայաստանն ունի իր տնային առաջադրանքները», եւ խաղաղության փաստաթուղթ չի ստորագրվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ն չի փոխել իր Սահմանադրությունը։ Այսինքն՝ խոստացված խաղաղությունը դեռեւս կախված է Ադրբեջանի պահանջների կատարումից։ Պետություն, որի գերնպատակը Հայաստանի ոչնչացումն է։

Պետք է նկատել նաեւ մեկ այլ հանգամանք․ առաջիկայում Հայաստանն անխուսափելիորեն մտնում է նախընտրական շրջան։ Փաշինյանը փորձում է համոզել, որ ինքն է անկախ Հայաստանի երազանքների վարչապետը՝ փորձ անելով ժողովրդի մեջ ձեւավորել «խաղաղություն ապահովողի» կերպար։

Այս ֆոնին Փաշինյանի խոսքերը, թե «երազանքը նորից լցնում է Հանրապետությունը», ավելի շատ հիշեցնում են նախընտրական քարոզչական հնարք, քան փաստացի իրողություն։ Նրա ուղերձը սեփական ձախողումներն արդարացնելու եւ պատասխանատվությունը պատմական պրոցեսների վրա գցելու փորձ է։ Հանրաքվեին «այո» ասածները երազում էին ապրել անկախ, պաշտպանված ու արժանապատիվ Հայաստանում, իսկ այդ երազանքը խափանվեց հենց այն ժամանակ, երբ երկրի ղեկը անցավ նրա ձեռքը։

2026թ․-ի ընտրությունները սարերի հետեւում չէ, իսկ Փաշինյանի խոստացած խաղաղությունը կարող է ավարտվել ընտրություններից անմիջապես հետո։ Էրդողանին եւ Ալիեւին օդ ու ջրի պես պետք է Փաշինյանի վերարարտադրությունը, իսկ թե դրանից հետո ինչ ողբերգություններ եւ կորուստներ կսկսվեն Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքում, թո՛ղ դատի հայ ազգը՝ վերհիշելով նրա կառավարման անցած 7 տարիները։


Լիա Սարգսյան