«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Թալինում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ելույթ ունեցավ ճանաչված բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը:
Ելույթի սկզբում Տարոն Տոնոյանը նշեց, որ ստիպված է փոխել իր նախապես պատրաստած խոսքը՝ հաշվի առնելով վերջին օրերին իշխանության կողմից կազմակերպվող սցենարներն ու հետապնդումները, որոնք հիշեցնում են անցյալի հայտնի դրվագները:
Որպես հակադրություն գործող վարչախմբի գործելաոճին՝ նա պատմեց առաջին արցախյան պատերազմի մասնակից, փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի սխրանքի մասին, ում քույրն օրերս մետրոյում մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին։
«Պապիկյան Հրանտը Քարվաճառում վիրավորվելուց հետո կրկին վերադարձել էր շարք, հասել փոխգնդապետի աստիճանի և Հադրութի դիվիզիայի բուժծառայության պետն էր: Պատերազմի ժամանակ, երբ իր բոլոր մեքենաներն ու բուժակներն արդեն գնացել էին, նա անձամբ մեկնեց վիրավորներին բերելու: Իր վարորդին վիրավորի հետ ուղարկեց, իսկ ինքը մնաց դաշտում, քանի որ դեռ անելիք ուներ: Նա մինչ օրս անհայտ կորած է: Ահա սա է մեր և այսօրվա իշխանության տարբերությունը։ Մենք անպայման պետք է արժևորենք մեր հերոսներին»,- ասաց նա:
Նա նաև քննադատեց հարկատուներին հերոսացնելու և մշակույթի տների պատերից հերոսների նկարները հեռացնելու իշխանական քաղաքականությունը՝ շեշտելով, որ հարկատուն կարող է լինել պարկեշտ ու կարգապահ, բայց հերոսը միայն հերոսն է: