1278 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-27 14:47
Քաղաքական խաղադաշտ

Մենք ողջ ենք մնացել, որ ձեր քաղաքական գերեզմանը տեսնենք․ Գերասիմ Վարդանյան

Մենք ողջ ենք մնացել, որ ձեր քաղաքական գերեզմանը տեսնենք․ Գերասիմ Վարդանյան

Ես համարյա գորիսեցի եմ դարձել, այնքան եմ եկել ու գնացել, գյուղ առ գյուղ բոլորին քաղաքով ճանաչում ենք, բոլորի հետ շփվել ենք։ Ուրախ եմ այսօր, այս ծանր պայքարի հանգրվանում, ձեզ այս դահլիճում՝ մեր կողքին տեսնելու համար։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Գորիսում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գերասիմ Վարդանյանը։

Նա շեշտեց, որ թեև իրենց ծրագրերում կան սոցիալական, կենցաղային և թոշակների բարձրացմանն ուղղված դրույթներ, որոնք իրենց թիմն անցյալում արդեն ապացուցել է գործով, այնուամենայնիվ, այս պահին հավաքվածներին ամենաշատն անհանգստացնում է պետության ու սահմանների անվտանգությունը։ Ըստ նրա՝ դահլիճում ներկա գտնվողների ու նաև բացակա համակիրների գլխավոր նպատակն ընտրությունների միջոցով սեփական քաղաքին ու գյուղերին սպառնացող անվտանգային խնդիրները լուծելն է։

Դիմելով ներկաներին՝ Գերասիմ Վարդանյանը կոչ արեց լավ ճանաչել ու հիշել միմյանց դեմքերը, քանի որ հենց իրենք են դարձել այս արհավիրքի օրերին երկրի դիմադրության հենասյունը։

«Անցնելու է այս փոթորիկը, կգա սրանից 5, 10, 15 տարի հետո, բայց պետք է հիշեք այս ծանր ժամանակաշրջանը։ Դո՛ւք էիք այն ողնաշարը, դո՛ւք էիք այն մարդիկ, ովքեր, երբ մեր ժողովրդի արժանապատվության դրոշը նետել էին մի կողմ, մաքառելով, դժվարությունների, քրեական հետապնդումների ու տոտալ վախի միջով անցնելով՝ չհանձնվեցիք, չկոտրվեցիք։ Դուք կանգնեցիք ձեր պետության դիրքերում և փորձեցիք բարձրացնել այդ դրոշը»,- ասաց նա։

Վարդանյանը նշեց, որ այսօր հասարակության մի հսկայական հատված վախեցած է և թաքուն է գործում՝ խուսափելով հրապարակայնորեն արտահայտել իր մտքերն ու զգացմունքները, սակայն դահլիճում հավաքվածներն այն արժանապատիվ փոքրամասնությունն են, որոնք չընկրկեցին։ Նրա պնդմամբ՝ հենց նման տեսակից է կախված Հայաստանի քաղաքների, գյուղերի և հատկապես Գորիսի վաղվա ապագան։

«Խնդրում ենք, հորդորում ենք՝ ցո՛ւյց տվեք գորիսեցու իրական ըմբոստությունը։ Մենք գիտենք, որ գորիսեցիները բնավորությամբ համարձակ են ու վճռական։ Հիմա ինչ-որ արկածախնդիրներ եկել, հայտնվել են տարբեր պաշտոնների ու աթոռների, փորձում են այդ ըմբոստությունը ճնշել, բայց վստահ եմ, որ ընտրությունների օրը գորիսեցին իր ուժը ցույց կտա՝ մերժելով այս խայտառակությունը, պառակտումն ու նվաստացումը»,- հայտարարեց Վարդանյանը։

Գերասիմ Վարդանյանը քննադատեց իշխանությունների ներկայիս հռետորաբանությունը՝ այն հակադրելով նախորդ խոստումներին։

«2021 թվականի ընտրություններին խոսում էին Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայից, իսկ հիմա վախենում են ընդհանրապես «Արցախ» կամ «արցախցի» բառն օգտագործել։ Մարդկանց ասում են՝ ինչո՞ւ եք ողջ մնացել։ Մենք ողջ ենք մնացել, որ ձեր քաղաքական գերեզմանը տեսնենք։ Մենք ողջ ենք մնացել, որ ձեր այս ստորացման, խայտառակության ու դավաճանության գաղշահոտը թաղենք, որ տարածվել է մեր հայրենիքում»,- ասաց նա։