«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում «Հայաստան» դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ, տեղի բնակիչներից մեկը երկրորդ նախագահին իր վրդովմունքը հայտնեց գործող իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ։
Գյուղի բնակիչն իր խոսքում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ շեշտելով, որ դրանք զայրույթ ու հուսահատություն են առաջացրել պատերազմի արհավիրքներով անցած ծնողների և զինվորների շրջանում:
«Ամբողջ գիշեր չեմ քնել։ 18 տարեկան երեխա եմ կորցրել ես։ 5000 երեխա տարար գետնի տակ դրիր, հիմա էլ ասում ես՝ ինչո՞ւ չեք զոհվել, ինչո՞ւ եք սաղ մնացել։ 120 000 ժողովուրդ լցրել ես փողոցները, տուն ու տեղ չունեն, երեխեքն էլ լրիվ ջարդած ու կոտորած, դու նման բան ես ասո՞ւմ։ Սա իսկական խուժանություն է»,- ասաց նա։
Ազատամարտիկը պատմեց, որ ինքն ու իր որդիները դեռևս 1992-1996 թվականներին ծառայել ու կռվել են Արցախում, հասել մինչև Մռավի գագաթը և հաղթանակներ կերտել։ Նա տարակուսանք հայտնեց, թե ինչպես կարելի է երկիրը հաղթանակների առաջնորդած մարդկանց այսօր թշնամի համարել, երբ իրական աղետը ներկայիս իշխանությունն է բերել երկրի գլխին։