«Հայաստան» դաշինքին քվեարկելով՝ դու վերականգնում ես քո արժանապատվությունը, տեր ես կանգնում քո իրավունքներին, մերժում ես քեզ պարտադրված պարտությունն ու գնում ես քո հաղթանակների ու երազանքների հետևից։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր «Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
Նա երախտագիտություն հայտնեց հավաքվածներին ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով, որ այս պայքարի նպատակը իշխանության հասնելը չի։
«Շնորհակալ ենք ձեզանից յուրաքանչյուրին ձեր համառության, ձեր պայքարի ու ձեր տեսակի համար։ Սիրելի՛ հայրենակիցներ, ձեր պայքարը, շատ հաճախ անձնազոհ ու զրկանքների գնով, մեզանից որևէ մեկին իշխանություն բերելու համար չէ։ Դուք ձեր պայքարով ձեր հայրենիքի, ձեր պետականության ու ձեր ինքնության կողքին եք։ Ընդամենը մեկ շաբաթ հետո հայ մարդը որոշելու է իր ճակատագիրը, որը չի որոշվում ո՛չ Բրյուսելում, ո՛չ Մոսկվայում, ո՛չ Վաշինգտոնում։ Մեր պետականության ճակատագիրը որոշվում է Երևանում ու Հայաստանում, և մենք տեր ենք մեր ճակատագրին»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանն իր խոսքում առանձնակի դիմեց այն քաղաքացիներին, ովքեր դեռ մտադիր են ձայն տալ գործող ուժին՝ նախազգուշացնելով հնարավոր նոր աղետների մասին։
«Ընտրելով Նիկոլ Փաշինյանին՝ դու օգնում ես նրան, որպեսզի նա Հայաստանից Ադրբեջանին հանձնի նոր տարածքներ, և դառնում ես մասնակից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նրա հարձակմանն ու պղծմանը։ Քվեարկելով Նիկոլին՝ դու օժանդակում ես նրան և Ալիևին, որպեսզի 300,000 ադրբեջանցիներ բնակեցվեն Հայաստանում։ Դու քվեարկում ես Ալիևի համբալին, ով խնդիր ունի հայ ժողովրդի հետ, և օգնում ես, որ մեր երկրում ծաղկի ու տարածվի թմրամոլությունն ու խաղամոլությունը։ Սակայն դու ունես այլընտրանք երկրին կայունություն, խաղաղություն ու համերաշխություն բերելու, և այդ այլընտրանքը «Հայաստան» դաշինքն է»,- ասաց Սաղաթելյանը։
Նա հատուկ ուղերձներ հղեց պետական համակարգի աշխատակիցներին և երիտասարդությանը՝ կոչ անելով տուրք չտալ իշխանական կեղծ թեզերին։
«Դիմում եմ պետական աշխատողներին ու ուժային կառույցների ծառայողներին։ Ձեզ անընդհատ վախեցնում են, թե իշխանափոխությունից հետո աշխատանքից ազատելու են։ Սո՛ւտ են ասում։ Պրոֆեսիոնալներն ու իրենց աշխատանքի գիտակները ոչ միայն շարունակելու են աշխատել, այլև առաջխաղացում են ունենալու։ Դուք այլևս չեք ծառայելու Ալիևի համբալին, դուք ծառայելու եք Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց նա։
Անդրադառնալով իրենց թիմի նախկին կառավարման տարիներին՝ Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ իրենք չեն խուսափում անցյալի սխալների մասին խոսելուց, սակայն նպատակը ձեռքբերումները բազմապատկելն է։
«Մենք այն քաղաքական թիմն ենք, որ երբեք չենք խուսափել մեր կառավարման տարիներին տեղի ունեցած բացթողումների ու սխալների մասին խոսելուց։ Այդ տարիներին եղել են անչափելի հաջողություններ ու ձեռքբերումներ, բայց եղել են նաև թերություններ։
Մենք գալիս ենք այդ սխալները բացառելու, իսկ հաղթանակները կրկնապատկելու։ Հունիսի 7-ը պարզապես քվեարկության օր չէ, հունիսի 7-ը իշխանափոխության, Նիկոլին վռնդելու և ՔՊ-ն պատմության աղբանոց նետելու օրն է։ Միասին հաստատ կարողանալո՛ւ ենք»,- ելույթը եզրափակեց նա։