«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Ախուրյանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ գործող իշխանությունը ձախողել է բոլոր խոստումները և նոր տարածքային զիջումների է պատրաստվում։
«Այս ընտրարշավի գրեթե ամեն օր խոսում են Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մասին. ավելի շատ՝ քան նախորդ 30 տարիներին միասին վերցրած։ Այս իշխանությունն ասում է, որ ինքըինքնիշխանության պահապանն է, ու եթե ինքը չլինի, Հայաստանի ինքնիշխանությունը հանձնվելու է ռուսներին, իսկ տարածքային ամբողջականությունը խաթարվելու է ու տեղի է ունենալու պատերազմ։ Այս խոսույթով փորձում են մեր ժողովրդին վախեցնել։ Երկու օր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ասաց, որ Հայաստանի Հանրապետությունից ինքը նոր տարածքներ է զիջելու Ադրբեջանին»,- ասաց նա։
Սաղաթելյանն անդրադարձավ նաև երկրի առջև ծառացած ողբերգական իրողություններին ու գործող ուժի վարքագծին՝ ընդգծելով, որ Քաղաքացիական պայմանագիրը վաղուց խզել է իր պայմանագիրը ժողովրդի հետ։
«Մարդը բարձրախոսը վերցրել է, հայտնվել է Երևանի փողոցներում ու հարձակվում է քաղաքացիների վրա։ Երբ որ արցախահայերը մոտենում և ասում են՝ մեր հայրենիքը հանձնել ես, մեզ անտուն ես թողել, սկսում է մարդկանց վրա հոխորտալ, թե՝ դուք ինչու՞ եք ողջ, ինչու՞ մեռած չեք, ինչու՞ եք սաղ մնացել։ ՔՊ-ի ամբողջական ծրագիրը խոստում է Ադրբեջանին ու Ալիևին»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։
Խոսելով ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին՝ Սաղաթելյանը նշեց, որ հունիսի 7-ին ժողովուրդը հնարավորություն ունի փակելու այս ամոթի էջը և կտրելու կորուստների շղթան, քանի որ իրենց թիմն ունի թե՛ ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու փորձառությամբ վարչապետի թեկնածու և թե՛ ամենամրցունակ ծրագիր։