Հայաստանում ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող ձերբակալություններն ու կալանավորումները կրում են բացառապես քարոզչական բնույթ։ Այս գործերը մեծ շուքով ու աղմուկով ստեղծվում են հենց կոնկրետ պահի էֆեկտի և մարդկանց մոլորեցնելու համար, որոնք հետագայում պարզապես փլուզվում են։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հետընտրական շրջանում քաղաքական գործիչների նկատմամբ իրավապահների ակտիվացմանը։
Լևոն Քոչարյանն ընդգծեց, որ քննչական ու իրավապահ մարմնինների գործողություններն արդեն տարիներ շարունակ ունեն հստակ գործելաոճ, որն ուղղված է ներքին լսարանի մանիպուլյացիային։
«Այս գործերը ստեղծվում են հենց այն մամուլի հաղորդագրությունը տալու համար, որի վրա հետո տարբեր քաղաքական գործիչներ, պատգամավորներ ու քարոզիչներ սկսում են թեման շահարկել։ Հետո կարող է մի ամսից, երկու ամսից կամ մի տարուց այդ գործը փլվի, բայց դրա մասին, որպես կանոն, հետո ոչ մեկ չի հիշում։ Մնում է այդ պահի էֆեկտը»,- նշեց պատգամավորը։
Նա հավելեց, որ նմանատիպ բազմաթիվ աղմկահարույց գործեր եղել են նաև իրենց հետ կապված, որոնք մեծ շուքով սկսվելուց հետո կա՛մ նախաքննության փուլում են կարճվել, կա՛մ փլուզվել են դատարանում։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում արած հայտարարությանը, թե ընդդիմությունը կարող է փողոց դուրս գալ, և հարցադրմանը, թե ինչու է հրապարակը դատարկ, Լևոն Քոչարյանը շեշտեց՝ իրենք երբեք չեն բացառել պայքարի որևէ ճանապարհ, այդ թվում՝ փողոցը։
«Մենք մեր կենսագրությամբ ցույց ենք տվել, որ դրանից չենք խուսափում։ Բազում անգամներ եղել ենք փողոցում, պայքարել ենք, դրա արդյունքում մարդիկ թե՛ տուժել են, թե՛ զրկանքներ կրել և մինչև հիմա շարունակում են դա անել։ Ուղղակի փողոցը չպետք է լինի ինքնանպատակ։ Դուրս գալուց առաջ պետք է գոնե ինչ-որ հավանականությամբ տեսնես գործողությունների շարունակությունն ու հաջողության հասնելու հնարավորությունը»,- ասաց Քոչարյանը։
Ըստ պատգամավորի՝ ցանկացած փողոցային պայքար, երբ արդյունքի չի հասնում, հանրության շրջանում ավելի է խորացնում հիասթափությունը։ Այդ իսկ պատճառով, նախքան գործողությունների անցնելը, անհրաժեշտ է հստակ տեսնել ճանապարհը մինչև վերջ։
«Փողոցային պայքարի հնարավորությունը միշտ բաց է։ Այստեղ արդեն մնացած հանգամանքներն են, որ պետք է հաշվի առնել, և մնացած ուժերի հետ համատեղ է պետք այդ ամեն ինչն անել։ Ցանկացած գործընթաց՝ լինի ընտրություններ, թե փողոցային պայքար, միայն մեկ ուժի հարց չէ»,- ասաց Լևոն Քոչարյանը։