1788 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-30 12:22
Քաղաքական խաղադաշտ

Եթե Ռուսաստանի հետ թշնամանում ես, փակուղի ես մտնում. Գագիկ Ծառուկյան

15 միլիարդ դոլար պարտք են վերցրել, բայց այդ փողերից ձեզ համար աշխատատեղ սարքե՞լ են։ Եթե պետության պարտքն ավելանում է, թող գոնե այնպես ավելանա, որ 2 միլիոն 200 հազար մարդ այդ վարկային ճահճից դուրս գա։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Սպիտակում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Կորոնավիրուս եղավ, տնտեսական ճգնաժամ եղավ, մարդիկ չեն աշխատել, ընդամենը տուն են պահել ու իրենց առողջությանը հետևել։ Ասում եմ՝ հենց մենք եկանք, առաջին որոշմամբ մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողներին այդ վիճակից հանելու ենք»,- ասաց Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդն իր խոսքում անդրադարձավ նաև նախընտրական շրջանում տեղի ունեցող աշխատանքային բռնաճնշումներին և արտաքին քաղաքական ձախողումներին։

«Տեսնում եմ՝ օրինական ու անօրինական մարդկանց գործից հանում են։ Հայրը գալիս է հանդիպման, որդուն աշխատանքից ազատում են։ Ով այդ դիմումները մակագրում ու մարդկանց հանում է, նա պիտի իմանա, թե ամսի 7-ից հետո որտեղ է լինելու կամ երեք ամիս հետո ոնց է այդ մարդկանց երեսին նայելու։ Անհնարին ոչինչ չկա, բայց մենք պետք է մեր եղբայր պետությունների հետ չթշնամանանք, բարեկամական հարաբերությունները պահենք ու բանակցենք։ Այսօր Ռուսաստանի հետ թշնամանում ես ու լիարժեք փակուղի մտնում։ Ճանապարհները փակ են, մարդիկ չեն կարողանում իրենց ապրանքն արտահանել, վարկերի տակ են։ Ռուսաստանն ասում է՝ հայ ժողովուրդն իմ բարեկամն է, բայց այս ղեկավարությունը թող կողմնորոշվի»,- ասաց նա։

Ելույթի ավարտին, Գագիկ Ծառուկյանը կոչ արեց՝ անկախ կուսակցական պատկանելությունից, համախմբվել և ընտրել այն ուժին, որն ունակ է իրականացնելու խոստացած ծրագրերն ու ապահովելու երկրի բարեկեցիկ ապագան։