Վարչական դատարանը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Դատական նիստը նշանակվել է հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ին։
«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը դատական կարգով վիճարկում է ԿԸՀ-ի հունիսի 17-ի թիվ 262-Ա որոշումը, որով հանձնաժողովը համաձայնություն էր տվել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Դատարանն այս գործով որպես երրորդ անձ է ներգրավել գլխավոր դատախազությանը։
Գործի քննության շրջանակներում Վարչական դատարանը ԿԸՀ-ից որպես ապացույց է պահանջել թիվ 262-Ա որոշման կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը և ԿԸՀ 17.06.2026 թվականի արտահերթ նիստի ձայնագրությունները։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել՝ 22 տարի առաջ կառավարության որոշումը վավերացնելու վերաբերյալ գործով։ Խոսքը 2004թ․ կատարված մի գործարքի մասին է, որը վավերացրել է կառավարությունը, որոշումը որևէ կերպ չի վիճարկվել, տարիներ անց, երբ Ռոբերտ Քոչարյանն արդեն որևէ պաշտոն չէր զբաղեցնում, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, տվյալ ընկերությունում բաժնեմաս է գնել։ Այժմ դա փորձում են ինչ-որ կերպ կապել 2004թ․ գործարքի հետ։ Խոսքը «Մաստեր կլաս» թենիսի տարածքի մասին է` «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ։
Նշենք, որ փաստաբան Արամ Օրբելյանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց, որ այս գործում որևէ հանցագործություն չկա, առուվաճառքի պայմանագիր չկա՝ վարձակալություն է, և հավելեց, որ քրեական գործն արհեստական է՝ հնարված։