588 դիտում, 5 ժամ առաջ - 2026-10-13 12:08
Քաղաքական խաղադաշտ

«Ոչ ոք չի կարող պատգամավորի առաջ դահլիճի դուռ փակել»․ Էդգար Ղազարյան

«Ոչ ոք չի կարող պատգամավորի առաջ դահլիճի դուռ փակել»․ Էդգար Ղազարյան


Ազգային ժողովում արցախցիների հետ իշխանականների կազմակերպած հանդիպմանը ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցության սահմանափակումը ապօրինություն է։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով, որ խորհրդարանում անցկացվող քննարկումները պետք է համապատասխանեն ԱԺ կանոնակարգին։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովում չեն կարող կազմակերպվել փակ կուսակցական միջոցառումներ, իսկ եթե հանդիպմանը մասնակցում են կառավարության անդամներ և քաղաքացիներ, այն հեռարձակվում է կուսակցական էջերով, ապա անհասկանալի է, թե ինչու են այլ պատգամավորներին զրկում մասնակցելու հնարավորությունից։

«Չի կարող Ազգային ժողովի շենքում տեղի ունենալ փակ հանդիպում։ Ազգային ժողովում ամեն ինչ պետք է իրականացվի ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն։ Եթե կուսակցական միջոցառում են կազմակերպում, դրա համար կա կուսակցության գրասենյակ, կա տուն։ Իսկ խորհրդարանում անցկացվող քննարկումներին կարող են մասնակցել նաև այլ պատգամավորներ, դրանք կարող են լուսաբանվել ԱԺ-ում հավատարմագրված լրատվամիջոցների կողմից»,– նշել է նա։

Պատգամավորը որպես օրինակ հիշեցրել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների ու ընտանիքի անդամների հետ հանդիպումը։ Նրա խոսքով՝ հանդիպման մասին նախապես տեղեկություն էր հրապարակվել Ազգային ժողովի պաշտոնական կայքում, և դրան կարող էին մասնակցել բոլոր պատգամավորները, իսկ լրատվամիջոցները՝ լուսաբանել այն։

Անդրադառնալով այն պնդումներին, թե նման հանդիպումները շոու են, Ղազարյանը հակադարձել է՝ նշելով, որ Ազգային ժողովը թատերական վայր չէ, այլ պետական մարմին, որտեղ պետք է քննարկվեն հանրությանը հուզող հարցերը։

«Ազգային ժողովում շոուներ չեն լինում։ Ազգային ժողովը թատերական վայր չէ, այլ պետական մարմին, որտեղ քննարկում են հանրությանը հուզող հարցերը։ Ազգային ժողովի կանոնակարգը նախատեսում է քննարկումների տարբեր ձևաչափեր։ Ի՞նչ շոու։ Իմ ընկալմամբ՝ այստեղ գալը ծանր ու պատասխանատու աշխատանք է հանրության առաջ։ Ոչ ոք չի կարող Ազգային ժողովի պատգամավորի առաջ դահլիճի դուռ փակել»,– հայտարարել է նա։

Պատգամավորը տեղի ունեցածը որակել է որպես «մշակութային շոկ»՝ ընդգծելով, որ նման վարքագիծը վկայում է խորհրդարանի և դրա գործունեության վերաբերյալ պատկերացումների բացակայության մասին։