336 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-02 10:33
Հայաստանով մեկ

95 մլրդ դրամ վերադարձրել ենք քաղաքացիներին․ Փաշինյան

95 մլրդ դրամ վերադարձրել ենք քաղաքացիներին․ Փաշինյան

2025-ին մենք եկամտային հարկի վերադարձի հոդվածով ՀՀ քաղաքացիներին վերադարձրել ենք 95 մլրդ դրամ կամ 263 մլն դոլար: Այս տարի արդեն այդ ցուցանիշը 78,6 մլրդ դրամի է հասնում, այսինքն՝ մենք քաղաքացիներին վերադարձրել ենք 95 մլրդ դրամ 2025 թվականին և 78 մլրդ դրամ՝ այս տարի: Այդ մասին Ազգային ժողովում 2027 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս գումարը ՀՀ քաղաքացիների կոնկրետ ընտանիքների կոնկրետ մարդկանց բարեկեցությունն ապահովելու համար է, որովհետև մարդիկ այդ գումարներով ձեռք են բերում բնակարաններ»,- հայտարարեց Փաշինյանը:

Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձավ նաև բարեկեցության մոդելին, որն ընկած է Կառավարության գործունեության և նրա ղեկավարած քաղաքական թիմի գաղափարաբանության հիմքում, ապա ներկայացրեց, թե որն է լավ ապրելու մոդելը:

«Լավ ապրելու մոդելն աշխատանքն է: Չկա լավ ապրելու ավելի լավ մոդել, համենայնդեպս, մեր պատկերացմամբ, որովհետև կարող են լինել մարդիկ, որոնք կարող են մտածել, որ, օրինակ, գողանալը կարող է լինել լավ ապրելու մոդել, կամ հարկերից խուսափելը կարող է լինել լավ ապրելու մոդել, կամ երկիրը թալանելը՝ լավ ապրելու մոդել:

Մեր պատկերացրած մոդելը աշխատանքն է, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն մեր ուղերձը սա է: Բայց աշխատանքն արդյունավետ դարձնելու միջոցը կրթությունն է: Մեր պատկերացրած ամբողջական մոդելը հետևյալն է՝ կրթություն, աշխատանք, իմացությունների և հմտությունների շարունակական զարգացում և բարեկեցություն»,- ասաց նա: