ԱԺ-ում տեղի ունեցած լարված միջադեպից հետո լրագրողները «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից հետաքրքրվել են ինչպես տեղի ունեցածի, այնպես էլ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների, «TRIPP»-ի և Էդգար Ղազարյանի մանդատի շուրջ քննարկումների մասին։
Կարապետյանը նախ անդրադարձել է նրան, որ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումները պետք է լինեն հրապարակային, որպեսզի հետագայում դրանց շուրջ շահարկումների հնարավորություն չլինի։
«Իմ պնդմամբ է եղել այստեղ, ոչ թե փակ սենյակներում, այլ տեսախցիկների առաջ։ Մենք հանդիպում ենք միայն տեսախցիկների առաջ։ Ես չեմ ցանկացել տեսախցիկներից զատ հանդիպումներ ունենալ»,- ասել է նա։
«Եթե իշխանության ներկայացուցչի հետ հանդիպում պետք է լինի, պետք է լինի տեսախցիկների առաջ, որպեսզի հետո որևէ շահարկման առիթ չլինի»,- նշել է Կարապետյանը։
ԱԺ-ում տեղի ունեցած լարված իրավիճակին անդրադառնալով՝ նա ասել է, որ նման պահերին պատգամավորները պետք է հիշեն նաև իրենց լսող ու դիտող քաղաքացիների մասին։
«Այսօր Պեմզաշեն գյուղի երեխաները եկել էին մեզ նայելու այդ պրոցեսի ընթացքում, որը ողջունելի չէ։ Այդ ժամանակ անցնել լեզվակռիվների պրոցեսների՝ ճիշտ չէ։ Ամեն դեպքում, լինելով մեր ազգի ներկայացուցիչ՝ չես կարող խուսափել էմոցիոնալ իրավիճակներից»,- ասել է նա։
Լրագրողը Կարապետյանից հետաքրքրվել է նաև խորհրդարանում գաղափարական տարբերություններ ունեցող ուժերի համատեղ աշխատանքի և, մասնավորապես, «TRRIP»-ի վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին։
Կարապետյանը նշել է, որ «TRRIP»-ի դեպքում իրենց համար կարևոր է այն ճանապարհ անվանելը, ոչ թե միջանցք, քանի որ, իր խոսքով, քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն նաև ապագա բանակցային գործընթացները։
«Մենք պետք է պատասխանատու լինենք մեր խոսույթների մեջ՝ հիշելով, որ մենք հետագայում փոփոխություններից հետո պետք է բանակցենք թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ եթե այսօր քաղաքական ուժը «TRRIP»-ը ներկայացնի որպես միջանցք, ապա իշխանության փոփոխությունից հետո բանակցությունների ժամանակ իր համար դժվար կլինի պնդել, որ խոսքը Հայաստանի սուվերեն տարածքով անցնող ճանապարհի մասին է։
Կարապետյանը միաժամանակ նշել է, որ Արցախի հարցն իրենց քաղաքական օրակարգում շարունակում է մնալ։
«Այս պահին մեր հայրենիքի առաջնային խնդիրներից մեկը արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքն է։ Մեր նպատակը այն է, որ արցախահայերը իրենց հայրենիք վերադառնալու հնարավորություն ունենան»,- ասել է պատգամավորը։
Լրագրողները Կարապետյանից նաև հետաքրքրվել են՝ արդյոք Էդգար Ղազարյանը պետք է մանդատը վայր դնի, և ինչպե՞ս է խմբակցությունը գնահատում նրա պահվածքը։
Կարապետյանը նշել է, որ տեղի ունեցած միջադեպը պետք է քննարկվի խմբակցության ներսում։
«Տեղի է ունեցել իրավիճակ, որը էքստրաորդինար է, որի համար պետք է խմբակցությունով քննարկում իրականացնենք»,- ասել է նա՝ հավելելով, որ քննարկումը նախատեսվում է առաջիկայում։
Լրագրողի ճշտող հարցին՝ քննարկումը վերաբերում է արդյոք Ղազարյանի մանդատը վայր դնելու հարցին, Կարապետյանը պատասխանել է, որ նախ պետք է քննարկվի հենց ստեղծված իրավիճակը։
Նա նաև նշել է, որ խորհրդարանում սուր քաղաքական քննադատությունը ինքնին խնդիր չէ, սակայն անընդունելի է այն խոսույթի ձևը, որը վերածվում է վիրավորանքի ու լարվածության։
«Բոլոր մեր գործընկերները կարող են ամենասուր քննադատության ենթարկել, որովհետև քննադատության շատ տեղեր կան՝ բոլոր ոլորտներում։ Մեզ համար կարևոր փոփոխությունը խոսույթի փոփոխությունն է Ազգային ժողովում»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ինքը մշտապես աշխատում է այդ ուղղությամբ, թեև քաղաքական ուժերի միջև «խորը անջրպետ» կա։
«Ամենօրյա աշխատանք եմ տանում և ասեմ, որ հեշտ չէ, որովհետև կա անջրպետ մեր միջև»,- եզրափակել է Նարեկ Կարապետյանը։
Մարգարիտա Հարությունյան