Կապանն ինձ համար հատուկ քաղաք է։ Այն մեր երկրի այն քիչ տեղերից է, որտեղ իսկապես կա քաղաքային կոլորիտ ու մշակույթ։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Կապանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանը։
Վարդանյանը հավաքվածների ուշադրությունը հրավիրեց էկրանին պատկերված Նիկոլ Փաշինյանի լուսանկարին՝ նշելով, որ նրա ամբողջ դեմքից թույն ու ժահր է թափվում։ Վարդանյանի պնդմամբ՝ գործող ղեկավարն ատում է սեփական ժողովրդին և սիրում է միայն իր աթոռը, որը պահելու համար պատրաստ է ամեն ինչի։
Աղվան Վարդանյանը հիշողության թարմացում արեց՝ հետադարձ հայացք գցելով Կապանի անցյալին ու ներկային․ «Տարեցները կհիշեն, թե ինչպես էր 1992 թվականին Կապանը հրետակոծվում «Գրադով», ինչպես ռմբակոծվեց ինքնաթիռով, և հացի հերթում մարդիկ զոհվեցին։ Դրանից հետո սահմաններն այնպես հեռացվեցին, որ իսկապես խաղաղություն հաստատվեց, իսկ հիմա Ադրբեջանի դրոշը նորից Կապանի կողքին է, ու սա եղել է հենց սրա օրոք»։
Նա հիշեցրեց նաև 2018 թվականին նույն հրապարակում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթն ու տված խոստումները՝ համեմատելով դրանք այսօրվա իրականության հետ։
«Ասում էր՝ ես ազատություն եմ բերել, բայց բերել է փոքրիկ բռնապետություն ու փորձում է վախեցնել ժողովրդին։ Վախկոտներից վախենալն ամոթ է, ազատ ու ուժեղ եղեք։ Ժամանակին հպարտանում էր, թե ողջ հրապարակում ընդամենը պետական ծառայության հինգ աշխատող կա, իսկ հիմա տեսեք՝ քանի հարյուր թիկնապահներով ու քանի տասնյակ մեքենաներով է շրջում»,- շեշտեց պատգամավորության թեկնածուն։
Աղվան Վարդանյանի ձևակերպմամբ՝ գործող ղեկավարը, տեսնելով, որ ամեն ինչ ձախողել է, իր «ոչ հայի խելքով» որոշել է, որ իշխանությունը պահելու միակ ձևը հանձնվելն է։
«Ինքը հանձնվել է Ալիևին ու Թուրքիային և պատրաստ է կատարել նրանց բոլոր ցանկությունները, որպեսզի իրեն պաշտպանեն։ Պաշտպանում են, որ վաղը Տիգրանաշենը հանձնի, ճանապարհը փակի, ու Կապանը մնա անկլավի մեջ»,- ասաց նա։
Ելույթի վերջում բանախոսը կոչ արեց համեմատել գործող ուժին իրենց թիմի և առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի անցած ճանապարհի, կամքի ու վճռականության հետ։ Նա վստահեցրեց, որ այդ անցյալն ու փորձը թույլ չեն տա վատ թեզերի կրկնությունը։