Հայաստանում խաղաղ ընտրապայքարի փոխարեն համատարած վախեցնում են մարդկանց, անում հարյուրավոր խուզարկություններ, ընդդիմությունից մոտ 100 հոգի ձերբակալված ու կալանավորված են։ Սա անում է մի վախկոտ, վախեցած իշխանություն, որը սարսափում է, որ ժողովուրդն իրեն կհեռացնի։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Վանաձորում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աղվան Վարդանյանը։
Աղվան Վարդանյանը հիշեցրեց գործող ղեկավարության նախկին խոստումներն ու դրանց ողբերգական հետևանքները։
«Հիշում եք չէ՞, ասում էին՝ կառավարության դուռը ժողովրդի դուռն է, ուզենա՝ ոտքով կբացի։ Հիմա փորձե՛ք գնալ ու մտնել՝ երկաթե ճաղերով փակել են, խաղաղ ցույցերի դեմ յոթ շարք հատուկ միջոցներով զինված ոստիկաններ են կանգնեցնում, իսկ իրենք տեղաշարժվում են տասնյակ մեքենաներով ու հարյուրավոր անվտանգության աշխատողներով։ Սա անում է այն ուժը, որը 3 միլիոն վարչապետներից 5000-ին զոհեց իր բերած պատերազմում, 12 000-ին դարձրեց հաշմանդամ, իսկ հազարամյակներով իր հողին կպած արցախցին այսօր վտարանդի է, Արցախը գոյություն չունի։ Վախենալու բան ունեն, որովհետև հեռացվելուց հետո բացահայտվելու է իրենց արած բոլոր ավերները, դավաճանություններն ու կոռուպցիան»,- ասաց նա։
Աղվան Վարդանյանը հիշեցրեց նաև 2018 թվականի մայիսի 1-ին իր արած կանխատեսումը, երբ հայտարարել էր, որ այս ուժի վարչապետ դառնալը ողբերգական հետևանքներ է ունենալու Արցախի, պետության ու երիտասարդության համար։
«Այսօր, եթե այսպես շարունակվեց, պետություն չենք ունենալու, դառնալու ենք օտարների ծառա ու ստրուկ»,- ասաց նա։
Ելույթի վերջում Աղվան Վարդանյանն անդրադարձավ ընտրություններից հետո սպասվող քաղաքական հանգուցալուծմանը և նոր կառավարության ձևավորմանը։
«Ակնհայտ է, որ սրանց հեռացնելուց հետո ձևավորվելու է կոալիցիա՝ երկու, երեք կամ չորս ուժից։ Ինչո՞վ է տարբերվում կոալիցիան սրանց միանձնյա իշխանությունից. այստեղ մեկը չի որոշում, սա դառնում է քննարկումների, գաղափարների ու բանավեճերի տեղ, որտեղ գտնվում է լավագույն լուծումը։ Լուծումը սրանց հեռացնելն է և ուժեղ, պրոֆեսիոնալ իշխանություն ձևավորելը։ Եթե ուզում ենք հայ մնալ, պինդ մնալ, մեր կանաչ Լոռվա աշխարհում գլուխներս բարձր կանգնել, բոլորս գնում ենք ընտրության»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը։