528 դիտում, 6 ժամ առաջ - 2026-09-18 17:51
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը սպանում է քաղաքականությունը․ Սուրենյանց

Փաշինյանը սպանում է քաղաքականությունը․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է. ««Միակ «ճշմարտության» վտանգավոր ճանապարհը. Փաշինյանը սպանում է քաղաքականությունը

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն արդեն «իշխող գաղափարախոսություն» է, և պետական համակարգը պետք է գործի դրա շրջանակում։

Նա այդ տրամաբանությունը տարածում է նաև կրթության ոլորտի վրա՝ պնդելով, որ դպրոցներում չպետք է հնչեն այդ գաղափարախոսությանը հակասող մտքեր, իսկ կառավարությունը պետք է գործի դրանց դեմ, քանի որ դրանք սպառնալիք են Հայաստանի Հանրապետությանը։

Խնդիրն ամենևին էլ «Իրական Հայաստանի» բովանդակությունը չէ։

Այն կարելի է ընդունել կամ մերժել։ Ժողովրդավարությունը հենց տարբեր գաղափարների, արժեքների մրցակցությունն է։

Վտանգավորն այն է, երբ իշխանությունն իր քաղաքական հայեցակարգը հռչակում է «իշխող գաղափարախոսություն» և պետական համակարգից պահանջում է գործել դրա շրջանակում։ Առավել մտահոգիչ է, երբ կրթական ծրագրերն ու դպրոցն են ենթարկվեցվում «միակ ճշմարտությանը»:

Պետությունը չպետք է քաղաքական գաղափարները բաժանի «ճիշտ» և «վտանգավոր» խմբերի՝ գործող իշխանության քմահաճույքին համապատասխան:

Ընտրություններում հաղթած ուժը ստանում է պետությունը կառավարելու ժամանակավոր մանդատ, որը, բնականաբար, թույլ չի տալիս «գաղափարական մենաշնորհ» հաստատել:

Այսօր ասում են, որ կրթական համակարգում չպետք է հնչի «Իրական Հայաստանին» հակասող որևէ միտք, վաղը նույն պահանջը կարող է վերաբերել հանրային, քաղաքական այլ ինստիտուտների:

Ի վերջո, բանը հասնելու է ընտրական և ժողովրդավարական ինստիտուտների ամբողջական ապամոնտաժմանը:

Օրինակ, ՔՊ-ական խիստ «ժողովրդավար» ու «առաջադեմ» մի պաշտոնյա կարող է «արդարացիորեն» բողոքել, թե
ինչո՞ւ ընտրություններին մասնակցի մի ուժ, որի ծրագիրը հակասում է «իշխող գաղափարախոսությանը» և կարող է ներկայացվել որպես «սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը»։

Եթե իշխանության գաղափարախոսությանը հակասող միտքը պետական մակարդակով ընկալվում է որպես սպառնալիք, վտանգվում է ոչ միայն խոսքի ազատությունը, այլև քաղաքական մրցակցությունը։

«Պետության պաշտպանության» թեզով ի վերջո կարելի է կործանել քաղաքականությունն՝ առհասարակ:

Քաղաքականությունը գոյություն ունի մրցակցող գաղափարների շնորհիվ։

Քաղաքականությունը սպանելու ամենակարճ ճանապարհը այլակարծությունը վտանգ հայտարարելն է։

Հայաստանը մոտ է այն վտանգավոր եզրագծին, երբ քաղաքական գործունեությունը կամ այլակարծությունը քրեականացվում են: